«Առաջինը դեմ է եղել ընտանիքս». Էդգար Կարապետյանը՝ մոդելինգով զբաղվելու եւ Հնդկաստանում նվաճած տիտղոսների մասին

14:31   16 հունվարի, 2019

Նախորդ տարվա վերջին միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթների մասնակիցներ դարձան ոչ միայն իգական սեռի հայ մոդելները (Արենա Զեյնալյանը մասնակցեց «Միսս Աշխարհ» մրցույթին, իսկ Էլիզա Մուրադյանը՝ «Միսս Տիեզերք»-ին), այլեւ 23-ամյա Էդգար Կարապետյանը, որը դեկտեմբերին մասնակցեց Դելիում կայացած Mister Model Worldwide 2018 մրցույթին: Ճիշտ է՝ մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆիլիպինների ներկայացուցիչ Կառլո Պասիոնը, սակայն հայ երիտասարդը հայրենիք ձեռնունայն չի վերադարձել: Նա դարձել է «Լավագույն տաղանդ» եւ «Mister Style Icon 2018» անվանակարգերի հաղթող:

Մասնագիտությամբ դիզայներ Էդգարը մոդելինգին զուգահեռ՝ ընկերություններից մեկում գանձապահ է աշխատում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ մոդելը պատմել է, թե ինչպես է որոշել լինել մոդելային ասպարեզում, ինչպես են ընտանիքի անդամներն ու ընկերները արձագանքել իր որոշմանն ու ինչ ձեռքբներումներ է գրանցել Հնդկաստանում կայացած մրցույթին մասնակցելով:

«Մրցույթին մասնակցելու հրավերը ստացել եմ ազգային տնօրեն Յանա Գրիգորյանից: Ես նպատակասլաց մարդ եմ եւ միշտ ձգտում եմ առավելագույնին: Միջազգային մրցույթների մասնակցելու ցանկությունս մեծ էր, այդպիսով մասակցեցի մրցույթի նախընտրական փուլին եւ ճանաչվեցի Mister Model WorldWide 2018»:

Միջազգային մրցույթում ամենաոճայինը ճանաչվել հայ մոդելին օգնել են նորաձեւության ոլորտի հայ մասնագետները:

«Տաղանդների փուլում ներկայացել եմ Oriflame Fasion Week-ի հաղթող Վարդուհի Բարսեղյանի հավաքածուով: Ի դեպ, այդ փուլին ներկայացրել եմ մի կոմպզիցիա, որը ստացել եմ կտորի եւ ներկի օգնությամբ եւ անվանել «Սառցե հեքիաթ»: Ֆոտոշարքի համար կրել եմ սկսնակ դիզայներ Անժելա Քիշմիրյանի մոդելավորած հագուստը, իսկ ազգային հագուստը տրամադրել էր «Տերյան» մշակութային կենտրոնը. այն «Արքայից արքա» հավաքածուի նմուշներից էր:  Եզրափակչին ներկայացել եմ Nobby-ի հավաքածուներից մեկով: Իսկ առօրյա հագուստների համադրումն ինքս եմ արել, քանի որ ինքս էլ դիզայներ-մոդելավորող եմ: Հագել եմ նաեւ իմ մոդելավորած ժիլետը»:

Անդրադառնալով իր եւ ադրբեջանցի մասնակցի հարաբերություններին՝ Էդգարը նշեց.

«Դրանք լավ հարաբերություն չէր կարելի համարել, ամեն ինչ նորմայի սահմաններում էր: Մտերմություն չի եղել: Մենք միայն բարեւել ենք միմյանց եւ այդքանը: Չի եղել, որ միմյանց օգնենք, պարզապես մրցույթի ժամանակ նա շփոթել կամ մոռացել էր իր համարը, ես էլ հուշեցի: Մեկ անգամ էլ հեռախոսի մարտկոցի հետ կապված խնդիր ուներ, ես էլ իմն եմ առաջարկել: Մենք, առհասարակ, չենք շփվել: Երբեէ չենք խոսել մեր երկրների քաղաքական հարաբերություններից»:

Էդգարը նշեց, որ ուներ հաղթողի այլ թեկնածու, սակայն ուրախ է նաեւ Ֆիլիպինների մասնակցի հաղթանակի համար եւ հարգում է ժյուրիի որոշումը:

Հայ երիտասարդը մոդելային ասպարեզում է արդեն 4 տարի: Նրան նկատել են 2016 թ-ին՝ Oriflame-ի նորաձեւության ցուցադրությանը, որտեղ Էդգարը ներկա էր՝ որպես հատուկ հյուր: Երիտասարդին առաջարկել են դառնալ մոդել, Էդգարն էլ ընդունել է առաջարկն ու փորձել ուժերը մոդելինգի ոլորտում, թեեւ շատ լավ ծանոթ էր հայ տղաների կարծրատիպերին:

«Այո, հայ տղաները նորմալ չեն վերաբերվում մոդելինգին, բայց հիմա տեղաշարժ է նկատվում: Անձամբ ինձ շատ են դիմում այն հարցով, թե ինչպես եւ որտեղ կարող են դիմել մոդել դառնալու համար»:

Էդգարի ընտանիքն էլ հեշտ չի համակերպվել տղայի մոդել դառնալու որոշմանը. 

«Առաջինը դեմ է եղել ընտանիքս: Միայն քույրս է կողմ եղել, խրախուսել եւ աջակցել ցանկացած հարցում: Այժմ նա իմ մենեջերն է: Հնարավոր է՝ բարեկամներիս եւ ընկերներիս համար էլ դա ընդունելի չի եղել, բայց նրանք երբեք չեն առաջարկել թողնել մոդելինգը: Ես, իհարկե, հարգում եմ բոլորին, կարող եմ լսել բոլորի կարծիքները եւ քննադատությունները: Դա նորմալ է, ու ես վատ չեմ արձագանքում դրան: Սա իմ որոշումն է, իմ կարիերան եւ իմ կյանքը»,-ասում է նա՝ հավելելով, որ մրցույթն իրեն բացի տիտղոսներից, այլ հնարավորություններ էլ է տվել. 

«Մրցույթն ինձ տվեց ամեն ինչ: Մեկ շաբաթում ես արդեն ճանաչված էի արտերկրում եւ առաջին շնորհավորանքներն ու արձագանքները հենց դրսից եմ ստացել: Մրցույթն ինձ տվեց փորձ, քանի որ առաջին անգամ էի մասնակցում այդպիսի հեղինակավոր միջազգային մրցույթի: Ես սկսեցի ավելի լավ ճանաչել մարդկանց, տարբեր մարդկանց հետ շփվելու փորձ ձեռք բերեցի: Մինչեւ մրցույթի ավարտն արդեն կային համագործակցության առաջարկներ:

Հրավերներ եմ ստացել Շրի Լանկայից՝ նորձեւության շաբաթին մասնակցելու: Եղան առաջարկներ նաեւ Հնդկաստանից, Թաիլանդից, Ֆիլիպիններից: Ունեմ նաեւ առաջարկ ամերիկյան հայտնի World Class Kings ամսագրից եւ պատրաստվում եմ հարցազրույց տալ նրանց: Կա եւս մի առաջարկ հնդկական հայտնի Lifestyle ամսագրից: Աշխատանքներն ընթացքի մեջ են, շուտով ամեն ինչ կլուսաբանվի: Դեռ շատ փակագծեր չեմ բացի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Էդգար Կարապետյանը



© NEWS.am STYLE