«Փոքր կուրծք, կարճ ոտքեր եւ ծուռ ատամներ. չէի էլ կարծում, թե ինձանից մոդել դուրս կգա». Քեյթ Մոսը նշում է 45-ամյակը

17:03   16 հունվարի, 2019

Անգլիացի սուպերմոդել Քեյթ Մոսն այսօր՝ հունվարի 16-ին, նշում է ծննդյան 45-ամյակը: Մոդելն իր կարիերան սկսել է 14 տարեկանից, այն պահից, երբ նրան նկատեց Storm Model Management գործակալության հիմնադիր Սարա Դուկասը:

Չնայած Մոսը համարվում է նորաձեւության աշխարհի ամենափոքրամարմին եւ նիհարակազմ ներկայացուցիչներից մեկը՝ ինքը մոդելն իրեն նիհար չի համարում եւ իր հարցազրույցներում հաճախ է նշում, որ դեմ է անորեքսիկ արտաքինով մոդելներին: Առհասարակ, սեփական արտաքինի մասին Քեյթն ունի ուրույն պատկերացումներ: Իր իսկ խոսքով՝ ոչ թե իր դեմքն է գեղեցիկ, այլ ներքինը, որն էլ ազդում է արտաքինի վերաբերյալ մարդկանց կարծիքին:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մոսի մտքերից եւս մի քանիսը:

«Ես ինձ ավելի երջանիկ եմ զգում պոդիումի վրա, քան կարմիր գորգի, որովհետեւ կարմիր գորգին ես, ասես, ես չլինեմ»:

«Մոդելինգն աշխատանք է: Անգամ մայրս չի հավատում, որ ես իսկապես շատ եմ աշխատում»:

«Հաջորդ կյանքում ես կլինեմ ռոք աստղ, նախկին կյանքում էլ բալետի պարուհի էի»:

«Հնարավոր է՝ դու ունենաս գեղեցիկ դեմք, բայց եթե դու լավ մարդ չես, դա չի աշխատի: Ես ավանդական գեղեցկություն չունեմ, բայց մարդիկ կարծում են՝ ես գեղեցիկ եմ: Երբ ներսումդ ամեն ինչ լավ է, դա քեզ օգնում է նաեւ արտաքինի հարցում»:

«Ոչ մի հեռախոս. մի ֆիլմ, գինի, աղցան: Այ, դա է կատարյալ»:

«Մարդիկ չեն լսում՝ ես ինչ եմ խոսում: Նրանք, նույնիսկ, չեն ակնկալում, որ ես պետք է խոսեմ»:

«Մարդիկ կարծում են, թե հաջողությունը պայմանավորված է միայն գեղեցիկ դեմքով: Բայց դա խաբկանք է: Կարեւոր է միշտ փորձել լինել խաղի առաջատարը»:

«Անգամ, եթե կեղծամ կրեմ եւ մեծ գլխարկ, միեւնուն է՝ բոլորը կհասկանան, որ դրանց ներքո ես եմ»:

«Ես մեր դասարանի ամենագեղեցիկ աղջիկը չէի: Փոքր կուրծք, կարճ ոտքեր եւ ծուռ ատամներ: Չէի էլ կարծում, թե ինձանից մոդել դուրս կգա»:

«Ես, իսկապես, աշխատում եմ: Ինձ դուր է գալիս այն զգացողությունը, երբ աշխատանքի ավարտին հասկանում եմ, որ լավագույնս դրսեւորվել եմ տվյալ ֆոտոշարքում»:

Լուսանկարները՝ Mario Sorrenti, Harpers Bazaar, Getty Images, Rimmel, Wonderland



© NEWS.am STYLE