Հայաստանը` Վենետիկյան 55-րդ բիենալեում

14:39   12 հունիսի, 2013

Վենետիկյան արտ-բիենալեն, որ բացվել էր հունիսի 1-ին հաղթողներին մրցանակների հանձնման արարողությամբ, ժամանակակից արվեստի ցուցադրություն է: Ներկայում բիենալեին մասնակցում է 88 երկրի ներկայացուցիչ: Դրանցից Քուվեյթը, Անգոլան, Պարագվայը, Կոսովոն եւ նույնիսկ Վատիկանն իրենց աշխատանքները ներկայացրել են առաջին անգամ:

Հայաստանը փառատոնին մասնակցում է 1995 թվականից: Ներկայացված 4 հայտերից ընտրվել է նկարիչ Արարատ Սարգսյանի ինստալյացիան: Այն ներկայացվել է Սան Լազարո դելի Արմենի կղզում (Սուրբ Ղազարի հայկական կղզում): Աշխատանքն իրենից ներկայացնում է կավե մանրանկարների հավաքածու: Դրանցում նկարիչը պատկերել է Սասունցի Դավիթ էպոսից սյուժեներ: Ցուցադրությունն ուղեկցվել է նաեւ վիդեո-ինստալյացիայով, որը, հեղինակի խոսքով, մեծ հաջողություն է վայելել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական ցուցադրության կազմակերպիչ Արման Գրիգորյանն ասել է, որ Արարատ Սարգսյանի աշխատանքի ցուցադրման վայրի ընտրությունը խորհրդանշական էր, քանի որ հենց Սուրբ Ղազար կղզում է ծնվել հայկական մոդեռնիզմը:

Վենետիկյան 55-րդ բիենալեի հաղթողներին որոշում է միջազգային ժյուրին՝ Ջեսիկա Մորգանի գլխավորությամբ:

Լավագույն ազգային տաղավարի համար«Ոսկե առյուծ» է ստացել Անգոլայի Հանրապետությունը, որը փառատոնին մասնակցում է առաջին անգամ եւ ներկայացրել է Լուանդայից նկարիչ Էդսոն Չագասի աշխատանքը:

Որպես հիմնական նախագծի լավագույն նկարիչ«Ոսկե առյուծ» է ստացել Մասիմիլիանո Ջոնին՝ Թինո Սեգալի (Tino Sehgal) «Հանրագիտարանային պալատի» համար:

Որպես լավագույն երիտասարդ նկարիչ«Արծաթե առյուծ» են հանձնել բիենալեի հիմնական նախագծի մասնակից, ֆրանսիացի նկարչուհի Կամիլ Էնրոյին (Camille Henrot):



© NEWS.am STYLE