«Բոլորն էլ պետք է դառնան հարուստ եւ ճանաչված, որ համոզվեն՝ դա այն չէր, ինչ իրենց պետք էր». Ջիմ Քերին՝ հումորից այն կողմ

17:07   17 հունվարի, 2019

Նա ստիպում է ժպտալ իր իսկ ժպիտով կամ դեմքի ցանկացած ծամածռությամբ՝ լուռ, բայց զավեշտ արտահայտող ցանկացած դիմախաղով: Նա Հոլիվուդի ամենահայտնի հումորիստն է, դերասան, որը նկարահանվել է բոլորիս կողմից սիրված ամենահայտնի կատակերգություններում: Խոսքը Ջիմ Քերիի մասին է, որն այսօր՝ հունվարի 17-ին, նշում է ծննդյան 57-ամյակը:

Քերիի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են՝ «Էյս Վենտուրա», «Սուտասանը», «Դիմակը», «Ընդմիշտ Բեթմեն», «Թրումանի շոուն», «Մարդը լուսնի վրա», «Բրյուս ամենակարողը», «Հիմարն ու ավելի հիմարը» եւ այլն: Այս ֆիլմերի շնորհիվ դերասանին հաճախ վերագրում են միշտ հումորային կերպարը: Սակայն Քերիի հոգին ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի՝ տարբեր ժամանակաշրջանների մեջբերումներից մի քանիսը, որոնք շատերին կստիպեն մտածել կյանքի շուրջ:

«Ավելի լավ է սովամահ լինել, քան հանձնվել: Եթե հրաժարվես երազանքներիցդ, ի՞նչ է քեզ մնալու»:

«Հուսահատությունն անհրաժեշտ է, որպեսզի դու մի բան սովորես: Եթե դու քո կյանքի ինչ-որ շրջանում չես հուսահատվում, կորցնում ես հետաքրքրությունդ»:

«Կյանքը քեզ հնարավորություններ է տալիս: Դու կամ ընդունում ես դրանք, կամ հեռու մնում դրանցից»:

«Երբեմն առավոտյան արթնանում եմ, սուրճ եմ խմում՝ նայելով իմ գեղեցիկ այգուն ու ինքս ինձ ասում. «Հիշիր, թե որքան գեղեցիկ է այս ամեն ինչը, քանի որ մի օր դու կարող ես սա կորցնել»»:

«Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է դառնան հարուստ, ճանաչված ու ունենան այն, ինչի մասին երազում են, որպեսզի համոզվեն՝ դա այն չէր, ինչ իրենց պետք էր»:

«Հոգիս չի տեղավորվում իմ մարմնի սահմաններում, իսկ մարմինս տեղավորվում է հոգուս անսահմանության մեջ»:

«Կյանքիդ ցանկացած ձեռքբերում էլ ժամանակի ընթացքում կոտրվելու է: Մնայուն է լինելու այն, ինչն ի սկզբանե կար քո սրտում»:

«Այն ազդեցությունը, որ դու կարող ես ունենալ մյուսների վրա, ամենաարժեքավոր գումարն է»:

«Կարող ես ամբողջ կյանքդ անցկացնել՝ պատկերացնելով ուրվականների, կամ քո ապագայի ճանապարհը, բայց դու միշտ կունենաս այն, ինչը կատարվում է քո ներկայում»:

«Կյանքը չի պատահում քեզ, այն պատահում է քեզ համար»:

Լուսանկարները՝ Maarten de Boer/The Talks, W Magazine



© NEWS.am STYLE