Գնացի պրեմիերայի. Անցյալը վերադառնում է. «Կրիդ 2»

20:33   18 հունվարի, 2019

Հարգելի ընթերցողներ, այսուհետ մենք կունենանք եւս մեկ մշտական խորագիր՝ «Ես գնացի պրեմիերայի». ամեն ամիս կներկայացնենք երկու նոր ֆիլմերի դիտում:

Եւ այս տարի դրանցից առաջինը «Կրիդ 2» սպորտային դրաման է (որպես կանոն՝ առանց սփոյլերների):

Ադոնիս Կրիդի մասին պատմությունը շարունակելու ռեժիսորական բազկաթոռը զբաղեցրել է Սթիվեն Քեյփլ-կրտսերը: Գործադիր պրոդյուսերը բնականաբար մնացել է բոլորիս կողմից շատ սիրված Սլայ Սիլվեստր Ստալոնեն է, որը երկար տարիներ անց խաղաց  Ռոկկի Բալբոայի դերը:

Սյուժեն պտտվում է այն առանցքի շուրջ, որ Իվան Դրագոյի որդին, որը հեռավոր անցյալում պարտվել էր Ռոկկի հետ մենամարտում, որոշում  է վրեժխնդիր լինել իր հոր խայտառակության համար: Իվանն իր որդուն՝ Վիկտորին մարզում է՝ Ադոնիս Կրիդի հետ մարտի համար, որի հորը՝ Ապոլոյին, նա մի ժամանակ սպանել էր ռինգում: Իմանալով այդ մասին՝ Ադոնիսը նույնպես որոշում  է վրեժ լուծել: Միակ մարդը, ով ինչ-որ ձեւով փորձում է ամեն ինչ շտկել, Ռոկկին է:  Հաջողվու՞մ է դա նրան: Կիմանաք ֆիլմը նայելով:

Մի խոսքով, դրաման այստեղ  ավելի վատն է, քան հնդկական կինոյում է, եւ որքան էլ պարադոքսալ է, այն ունի իր մինուսներն ու պլյուսները: Երբեմն թվում է, որ կրքերն արդեն շատ ձգվեցին,ինչից տուժում է խրոնոմետրաժը: Մյուս կողմից, դրաման, ընդհանուր առմամբ, խիստ հասկանալի է եւ տեղին:

Ֆիլմը պատմում է համբերության մասին, այն մասին, որ մենք պետք է կշռենք մեր յուրաքանչյուր քայլը, վերլուծենք մեզ  շրջապատող իրականությունը, այն մասին է, որ մարդը սովորում է իր սխալների վրա եւ ոչ թե ուրիշների:

Բռնցքամարտի տեսարանները նույնպես հրաշալի են ներկայացված. Կարելի է նույնիսկ ասել, որ այստեղ կպնելու բան չկա: Բոլոր մարտերը, մարզումները, շարժիչ պահերը ցուցադրվում են ինչպես հարկն է` ինչպես դերասանական, այնպես էլ բեմադրման եւ օպերատորական աշխատանքի առումով:

Դերասաններից կնշենք հիմնական դեմքերի քառյակին

Սիլվեստր Ստալոնեն այնքան է մտել Ռոկկիի դերի  մեջ, որ պարզ չէ, թե որտեղ է սկսվում Ստալոնեն եւ որտեղ ավարտվում Ռոկկին, ով այս ֆիլմում արդեն ծեր իմաստուն է եւ կյանքի խորհուրդներ է տալիս է: Նա արդեն վաղուց բիզնեսում չէ, հիմնականում հոգ է տանում իր որդու հետ հարաբերությունների վերականգնման մասին եւ սգում հեռացած կնոջ համար:

Մայքլ Բ.Ջորդանը մեզ շատ ուրախացրեց Ադոնիսի դերում: Տարին տարվա վրա նրա դերասանական խաղը կատարելագործվում է (Ես չեմ զարմանա, եթե ոչ հեռու ապագայում նա Օսկար նվաճի):  Նրա կողմից կերպարի մատուցումը խիստ հուզական է: Այն, ինչ Ջորդանը ցուցադրում է ֆիլմում, սկզբում կույր եւ աներեր վստահությունը, իսկ հետո՝ խոնարհությունն ու իր  սխալականության ընդունումը, արժանի են հարգանքի:  Ընդհանրապես Մայքլը կարողանում է դրամա ներկայացնել ցանկացած ժանրի ֆիլմում: Ես կասեի՝ նրա խաղն ինչ-որ տեղ հիշեցնում է  Դենզել Վաշինգտոնի խաղին:

Դոլֆ Լունդգրեն չի դադարում զարմացնել: Ինչպես վերջերս Ակվամենում, այնպես էլ այստեղ նա իդեալական կերպով է սազում իր կերպարին: Հեռավոր անցյալում նա արդեն խաղացել էր Իվան Դրագոյի դերը, բայց այնտեղ նա նույնիսկ ռեպլիկ համարյա չուներ: Իսկ այստեղ նա լուրջ կերպար է անձնավորում, որը վրեժ է լուծում ավիրված կյանքի համար:

Շատ հիասթափեցրեց Վիկտոր Դրագոն՝ Ֆլորիան Մունտեանիի կատարմամբ: Հասկանալի է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից ոչ ոք մեծ խաղ չէր ակնկալում, բայց փայտի պես անշարժանալ կադրում, դա էլ է հատուկ տաղանդ պահանջում: Միակ բանը, որով նա առանձնանում է, բացի ռինգում տեսարաններից, դա տարբեր տեսակի ծամածռություններն են: Եվ ես ավելի շատ հակված եմ մեղադրելու կինոարտադրողներին՝ վատ քաստինգի համար, եւ մարդկանց, ովքեր պատասխանատու են ընտրության համար, քան Ֆլորիանին:

Անձամբ ինձ ֆիլմը շատ դուր եկավ:  Ինչպես եւ Ռոկկիիի մասին սերիալներից շատերում, այստեղ եւ՛դրամա կա, եւ՛սոցիալական ենթատեքստ, եւ՛ մեծ մարտեր, եւ՛ ուսուցանիչ բարոյականություն: Մինուսներից կնշեմ չափազանց ձգձգված  խրոնոմետրաժը, գերհագեցված դրամատիզմը եւ որոշ դերասանների վատ խաղը՝ Վիկտոր Դրագոյի դերակատարի գլխավորությամբ:

Նաեւ շատ տխրեցրեց, որ ֆիլմում երաժշտություն չկար, որը կարող էր հոգու մեջ մխրճվել:Ի դեպ, սրանք իմ զուտ անձնական ակնկալիքներն են: Ի վերջո, Ռոկկիի մասին բոլոր ֆիլմերը մեզ տվել են տասնամյակը առնվազն մեկ հիթ:

Հ.Գ.

Ստալոնեն հայտարարել է, որ այս ֆիլմից հետո ինքը հրաժեշտ է տալիս Ռոկկիի կերպարին: Դե ինչ, շնորհակալություն քեզ ամեն ինչի համար, «Իտալացի հովատակ», մենք միշտ կհիշենք քո «Վագրի Հայացքը» -Eye Of The Tiger («Ռոկկի» ֆրանշիզի հիմնական սաունդթրեքը ՝ Survivor խմբի կատարմամբ):

Բարի՛ դիտում

Նորայր Նազարյան

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE