Արսեն Գրիգորյանը՝ Նատալյա Եփրիկյանի երեւանյան այցի եւ Comedy Woman-ի աստղի հետ հնարավոր համագործակցության մասին

21:13   17 հունվարի, 2019

Ռուսական հայտնի Comedy Woman նախագծի հեղինակ եւ մասնակից Նատալյա Եփրիկյանը Երեւանում է: Հումորային նախագծի աստղը երեկ լուսանկար էր տեղադրել Instagram-ի իր էջում, որում հայտնի հաղորդավար, դերասան եւ երգիչ Արսեն Գրիգորյանի հետ է: «Պատահական տեսանք լուսավոր ապագան»,-իր լուսանկարն այսպես էր վերնագրել Նատալյան: Լուսանկարի ներքո շատերն էին փորձել հետաքրքրվել, թե ինչն է Նատալյային բերել Հայաստան:

NEWS.am STYLE-ը հարցի պարզաբանման համար զրուցել է Արսեն Գրիգորյանի հետ: Արսենը տեղեկացրեց, որ Նատալյան Հայաստան է ժամանել իր ծննդյան տարեդարձին մասնակցելու համար. այն հունվարի 20-ին է.

«Արդեն մի քանի տարի է, ինչ մտերիմ ընկերներ ենք: Նատալյայի հետ ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան տարեդարձին»,-նշեց նա:

Հարցին՝ արդյոք Նատալյայի այցը պայմանավորված է նաեւ արտիստների համագործակցությամբ՝ մասնավորապես «Կամիլ շոուի» շրջանակում, Արսենը պատասխանեց.

«Հետագա համագործակցության վերաբերյալ դեռեւս քննարկումներ են գնում: Ոչինչ չեմ կարող ասել, դա անակնկալ է: Այն նաեւ «Կամիլ շոու»-ի հետ է կապված լինելու»:

Ի դեպ, նախորդ տարվա «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ Նատալյան հենց Կամիլին էր աջակցում: Instagram-ի իր էջում նա տեղադրել էր Կամիլի լուսանկարն ու զավեշտալի գրառում արել.

«Իմ շատ մտերիմ եւ տգեղ ընկերուհին՝ Կամիլը, ցանկանում է Հայաստանը ներկայացնել Պորտուգալիայում կայանալիք «Եվրատեսիլ»-ին: Ձեռքերս բռունցք եմ անում հանուն քեզ, սիրելիս: Կատակը մի կողմ՝ այս մրցույթում շատ դժվար է հաղթելը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նատալյա Եփրիկյանի Instagram-ից եւ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE