Հայն ու Հոլիվուդը. Ռոման Միտիչյանը՝ Բրյուս Ուիլիսի, Քրիստիան Բեյլի, Եվա Լոնգորիայի եւ այլ աստղերի հետ նախագծերի մասին

14:05   18 հունվարի, 2019

ԱՄՆ-ում բնակվող մեր հոլիվուդյան հայրենակցի՝ դերասան Ռոման Միտիչյանի համար 2018 թ-ը բավականին հաջող էր՝ հոլիվուդյան նախագծերով հագեցած: Նախորդ տարի Ռոմանը հասցրել է նկարահանվել John Wick 3 ֆիլմում, որի գլխավոր դերում Կիանու Ռիզվն է: Ֆիլմում նկարահանվելու հրավերը դերասանը ստացել է անձամբ ռեժիսորից՝ Չադ Սթահելսկիից, որի հետ բավականին մտերիմ են: Ժապավենում հայ դերասանը մարմնավորում է ռուս գնչուի: 2018-ին էկրաններ բարձրացած Escap Plan 2 («Փախուստի ծրագիր 2») ֆիլմում էլ դերասանը հանդես է եկել Սիլվեստր Ստալոնեի եւ Դեյվ Բատիստայի հետ: Ի դեպ, այս դերասաններին Ռոմանը հասցրել է սովորեցնել նաեւ հայերեն բառեր՝ «աջ», «ձախ», «խփիր»՝ տերմիններ, որոնք հաճախ էին օգտագործվում նկարահանման հրապարակում:

NEWS.am STYLE-ը հոլիվուդյան մեր հայրենակցի հետ զրուցել է 2018-ի ձեռքբերումների եւ 2019-ին սպասվող նախագծերի մասին.

«Փառք Աստծո՝ 2018-ը բավականին հագեցած տարի էր: Ուզում եմ էլ ավելի մեծ հաջողություն մաղթել իմ ընկերներին իրենց ծրագրած ցանկացած գործում: Ամբողջ տարվա ընթացքում զբաղված եմ եղել նկարահանումներով, հիմա էլ նույն տրամադրվածությամբ սկսել եմ 2019-ը: Ունեմ շատ առաջարկներ, հեռուստանախագծերից մեկում նկարահանվելու եմ Ջենիֆեր Էնիսթոնի հետ, կան նաեւ այլ ֆիլմեր: Հիմա նաեւ աշխատում եմ իմ հեղինակային սցենարի վրա, շուտով կսկսենք նաեւ ռեժիսորական աշխատանքները: Աստծո կամքով, համոզված եմ, ամեն ինչ լավ է լինելու»:

Այս տարի հեռուստադիտողը դերասանին կտեսնի նաեւ CBS հեռուստաընկերության հայտնի՝ Seal Team նախագծում. Ռոմանը պատմեց նաեւ գալիք մյուս անակնկալների մասին.

«Քրիստիան Բեյլի, Էմի Ադամսի, Սթիվ Քեռելի եւ Սեմ Ռոքվելի հետ նկարահանվել եմ Vice («Իշխանություն») ֆիլմում: Ի դեպ, այդ ֆիլմում իր դերի համար Քրիստիան Բեյլը վերջերս արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակի, հաջորդ ֆիլմը, որում նկարահանվել եմ կոչվում է All-Star Weekend («Հանգստյան օրերն աստղերի հետ»), որտեղ նկարահանվել եմ Եվա Լոնգորիայի եւ Ջեյմի Ֆոքսի հետ, ինչպես նաեւ այս տարի էկրաններ կբարձրանա John Wick 3 ֆիլմը՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ: Կա եւս մեկ նախագիծ, որը կոչվում է 10 Minute Gone («10 րոպեով գնացածը»), որի գլխավոր դերում Բրյուս Ուիլիսն է»:

Եւ չնայած հագեցած գրաֆիկին՝ Ռոմանը չի մոռանում նաեւ Հայաստանի մասին: Դերասանը նշեց, որ ինչպես նախորդ ամառ, այս տարի եւս ամենատաք եղանակը ծրագրում է վայելել հայրենիքում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռոման Միտիչյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE