Ինեսսա Walsh Թադեւոսյան. «Չէ՞ որ օրվա վերջում բոլորս նայում ենք հայելու մեջ»

20:17   13 հունիսի, 2013

Ինեսսա Թադեւոսյանը բոլորովին վերջերս միջազգային գեղեցկության մրցույթում նվաճեց Miss Talent տիտղոսը: Ցավոք, նա ներկայացնում էր ոչ թե Հայաստանը, այլ Կանադան: NEWS.am STYLE-ը որոշեց պարզել մանրամասները:

Ինեսսա, պատմիր, խնդրում եմ, ինչպե՞ս սկսվեց մոդելային կարիերան:

Ամեն ինչ սկսվեց 12 տարեկանում, երբ պատահաբար Հայաստանում հայտնվեցի նորաձեւության տանը: Այնտեղ մանկական խմբակ էր բացվել, սովորեցնում էին մոդելային քայլվածք, դերասանական արվեստի դասեր էին տալիս:

Նորաձեւության ցուցադրության առաջին անգամ մասնակցեցի 13 տարեկանում: Արտակ անունով հայ դիզայների աշխատանքների ցուցադրություն էր: Դրանից հետո հայտնվեցի Atex նորաձեւության տանը: 2001 թվականին առաջին անգամ մասնակցեցի «Միսս ուսանողուհի» գեղեցկության մրցույթին, ընդգրկվեցի Top 12-ում:

2003-ին Miss Tattoo Art Club-ի մրցույթում ստացա իմ առաջին թագը եւ արժանացա «Առաջին վիցե-միսս» տիտղոսին: 2004-ին Miss Yerevan մրցույթում ստացա 2-րդ մրցանակը: Իսկ 2005-ին նկարահանվեցի Արա Մարտիրոսյանի «Վառել եմ մոմերս» տեսահոլովակում:

Միջազգային մրցույթներում եւս ունես հաղթանակներ: Կպատմե՞ս դրանց մասին:

2005-ին մասնակցեցի «Միսս Կովկաս» մրցույթին, արժանացա գլխավոր մրցանակին: Ի դեպ, անմիջապես հետո ինձ հրավիրեցին մասնակցելու CUBE հեռուստաշոուին, որտեղ ընգրկվեցի լավագույն եռյակի մեջ: Դրանից հետո մետ մեկ տարի աշխատեցի TV5 հեռուստաընկերությունում: Վարում էի Առավոտյան փոստը ուղիղ եթերում: Այնուհետեւ  Armenia հեռուստաընկերության «Բարի լույս, Հայաստան» ծրագրում ֆիտնես էջն էի վարում: 2007-ին Miss Russian Bikiniմրցույթում արժանացա «Վիցե-միսս» տիտղոսին, սկսեցի իմ միջազգային մոդելային գործունեությունը՝ ի շնորհիվ Աշոտ Խաչատրյանի, որը ինձ ներկայացնում էր արտերկյա մրցույթներում եւ իմ մոդելային ղեկավարն էր:

2008-ին Ալբանիայում կայացած առաջին միջազգային  Miss Globe International 2008 մրցույթում արժանացա 3-րդ մրցանակի եւ թագ ստացա: Miss Bikini 2008, Miss Disco Queen 2008 ev Miss Talent 2008.

Նույն թվականին մեկնեցի Լաս Վեգաս՝ Հայաստանը ներկայացնելու Miss Hawaian Tropic International 2008 մրցույթին: Այնտեղ ինձ շնորհեցին Best Body տոտղոսը: 2009-ին Բուլղարիայում ներկայացրել եմ Հայաստանը Best Model Of The World 2009-ին: 2010ճին Դոմինիկյան Հանրապետությունում արժանացա  Best in Swim Wear տիտղոսին Miss Intercontinental 2010 մրցույթի շրջանակներում:

2012-ին՝ արդեն լինելով Կանադայի քաղաքացի, մասնակցեցի Miss Universe Canada 2012-ին՝ ընդգրկվելով լավագույն 12-ի մեջ: Եւ, 2013-ին, մայիսի  6-16-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում կայացած Miss 7 Continents գեղեցկության մրցույթում արժանացա Miss Talent տիտղոսին ու ընդգրկվեցի  Top 5-ի մեջ՝ արժանանալով 4-րդ մրցանակին:

Բավականին հետաքրքիր էր: Իսկ Կանադա ինչպե՞ս հասար: Չէ՞ որ Երեւանից ես:

Արդեն 6 տարի է՝ Կանադայում ներկայանում եմ որպես GWT Corporation ապրանքանիշի դեմք, որը զբաղվում է թանկարժեք զարդերի արտադրությամբ: Նկարահանվել եմ տեսահոլովակում:

Պարի իմ դպրոցն ունեմ, որը կոչվում է Dance Mania By Inessa. Կանադայում ապրում եմ 2006-ից: Տեղափոխվելու պատճառն ընտանիքիս միանալն էր, քանի որ մայրս ավելի քան 10 տարի այստեղ է ապրում: Ցավոք, հնարավորություն չունեցա համալսարանում ուսումս ավարտել: Շատ արագ տեղափոխվեցի Կանադա եւ ստիպված եղա ամեն ինչ զրոյից սկսել:

Դժվա՞ր է, երբ մասնակցում ես որեւէ մրցույթի եւ Հայաստանը չես ներկայացնում: Օրինակ` վերջերս Թուրքիայում:

Այո՛, իհարկե: Անգամ փորձերի ընթացքում, երբ կանչում էին երկրներով, ամեն անգամ Արմենիա լսելիս վազում էի: Բոլորը ծիծաղում էին: Բացի այդ, անսովոր էր բեմում հայկական տարազի փոխարեն հայտնվել Native ամերիկացու տեսքով:

Մոդելները գաղտնիքներ ունե՞ն, այդ թվում՝ դու:

Հիմնականում դրանք գաղտնիքներ չեն, այլ տարիների փորձ բեմում: Ինչ վերաբերվում է կազմվածքիս, ապա այն հեշտ է պահել, քանի որ օրական 6-8 ժամ պարում եմ: Սոված չեմ մնում:

Հայկական դիզայներների հետ համագործակցո՞ւմ ես: Ո՞ւմ հետ եւ ի՞նչ ծրագրի շրջանակում:

Հայաստանում ապրելու տարիներին համագործակցել եմ շատերի հետ: Կանադա փոխադրվելուց հետո, բնականաբար, մասնագիտական կապը կորել է: Սակայն անչափ ուրախ էի Բոդրումում Էլիզաբեթ Սարգսյանին տեսնելու համար, ով իր դիզայներական աշխատանքներն էր ներկայացնում Miss 7 Continents մրցույթի շրջանակում: Այն կոչվում էր Elizabeth F Fashion Line: Էլիզաբեթը ներկայացրեց 5 զգեստ եւ 5 զույգ աննկարագրելի գեղեցկության եւ արվեստի վառ ապացույց կոշիկ: Երջանիկ էի, քանի որ հնարավորություն ունեցա այդ հավաքածուի նմուշնելով բեմ դուրս գալ:

Ո՞ր մրցույթում կցանկանայիր հաղթել:

Հավանաբար Miss Universe-ում: Բայց ծրագրում եմ առաջիկայում այլեւս չմասնակցել գեղեցկության մրցույթների, քանի որ ամեն ինչ իր ճիշտ սկիզբը եւ ավարտն ունի:

Բոդրումում կայացած մրցույթից լուսանկարներդ էի դիտում: Հետաքրքիր է, որ Հայաստանը ներկայացնող Զառա Վարդանյանի հետ համատեղ նկար չունեք: Նա էլ հարցազրույցում նշել էր, որ ընկերացել է միսս Ռուսաստանի, միսս Ուկրաինայի, բայց ո՛չ միսս Կանադայի հետ: Ի՞նչն է խնդիրը:

Զառայի հետ լուսանկարներ ունենք, նաեւ շփում կար: Սակայն նման մրցույթներում հիմնական խնդիրն այն է, թե ում հետ ես ապրում միեւնույն սենյակում: Ես կարող եմ նույնն ասել, որ ամենից շատ մտերիմ էի Միսս Էստոնիայի հետ, քանի որ միասին էինք ապրում: Ինչպես նաեւ Միսս Լատվիայի հետ էի մտերիմ, քանի որ նրա հետ էլ ընդհանուր հետաքրքրություններ ունեինք. նա նույնպես պարուհի է եւ իր դպրոցն ունի:

Walsh ազգանունն ինչպե՞ս ծնվեց եւ ի՞նչ է նշանակում:

Walsh ազգանունը բեմական է եւ հիմնականում արտերկրի համար է: Շատերը պարզապես դժվարանում են հայկական ազգանունս արտասանել:

Հայաստան վերադառնալո՞ւ ես:

Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2008 թվականին: Շատ եմ կարոտել Հայրենիքս: Հուսով եմ՝ մոտ ապագայում եւս մեկ հնարավորություն կունենամ:

Ի՞նչ կասեք հայ աղջիկներին:

Բոլոր նրանց, ովքեր զբաղվում են կամ ծրագրում են զբաղվել մոդելային գործունեությամբ, ցանկանում եմ ասել. ձեր երազանքն իրականություն դարձրեք, քանի որ նպատակները հասանելի են, եթե, իրոք, մեծ ցանկություն ունեք դրանց հասնելու:

Մի մոռացեք, որ բեմը մնում է բեմ: Կարեւորն այն է, որ բարձր պահած գլխով իջնենք այնտեղից՝ չկորցնելով մարդկային հատկությունները, չէ՞ որ օրվա ավարտին բոլորս նայում ենք հայելու մեջ: Համոզված եղեք, որ անկեղծ եք այն պատկերի հետ, որ տեսնում եք հայելում:

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE