Գնացի պրեմիերայի. Ապակու բեկորներ՝ «Ապակի»

20:33   23 հունվարի, 2019

Կինոյի աշխարհում ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանն անչափ հակասական անհատ է: Նա կարող է 6-րդ զգայարանի նման գլուխգործոց ստեղծել դարերի համար, մեկ էլ հանկարծ լիակատար տաղտուկ մատուցել, ինչպես «Մեր դարաշրջանից հետոն» (Ուիլ Սմիթի դերասանական խաղից չի բողոքել թերեւս միայն ծույլը):

Շյամալանը ժամանակին ցույց է տվել միանգամայն որակյալ ֆիլմ «Անխոցելին»՝ գլխավոր դերերում Բրյուս Ուիլիսի եւ Սեմյուել Լ. Ջեքսոնի կատարմամբ եւ ենթատեքստով, որը մտորելու տեղիք է տալիս: Վերջերս Նայթը բավականին հաջող թրիլլեր թողարկեց՝ «Սփլիթը», գլխավոր դերակատար Ջեյմս Մաքեւոյի հետ:

Եվ դրանից հետո սկսվե՜ց…

Շյամալանը որոշել է, որ մնացյալից ոչ մի բանով վատը չէ եւ կարող է ստեղծել սեփական կինոտիեզերքը. վերեւում նշված 2 ֆիլմերի հերոսներին վերցնելով՝ մեզ է մատուցել «Ապակի» ֆիլմը:

Ֆիլմը 3 գլխավոր հերոսների մասին է, որոնք հայտնվել են հոգեբուժարանում, եւ նրանց հետ զրուցում է հոգեբանը:

Ամենաճնշողն այն է, որ Շյամալանը կարող էր ստեղծել հոյակապ հոգեբանական թրիլլեր՝ հետաքրքիր երկխոսություններով եւ դերասանների ընտրությամբ, որի մասին ցանկացած ռեժիսոր կարող է միայն երազել:

Բայց Նայթն այդ տղան չէ, նա որոշել է ձեռքի հետ ստեղծել կիսագերհերոսական բլոքբասթեր: Անմիջապես ասեմ, որ կինոնկարը բոլոր ասպեկտներով սարսափելի է: Սյուժեն ամբողջությանբ փուչ է, սցենարի ներուժը փոշիացած, էքշըն-տեսարանները խղճուկ են մինչեւ ձանձրացնող աստիճանի (մեկնումեկդ ռեժիսորին բացատրեք, որ մեկը մյուսին մի կողմ հրելը էքշըն չէ): Ընդհանրապես հասկանալի չէ, թե ֆիլմում ինչի համար են երկրորդական հերոսները: Դիտում ես ու չես հասկանում՝ ո՞րն է նրանց գործառույթը:

Եվ ամենագլխավոր հիսթափությունն են գլխավոր հերոսները:

Բրյուս Ուիլիսը պարզապես կադրում ներկա է եւ ոչինչ ավելի (Շյամալանն ընդհանրապես նույնիսկ ամենատաղանդավոր դերասաններին քայլող կահույքի վերածելու նզովյալ շնորհ ունի):

Սեմյուել Լ. Ջեքսոնն այս ֆիլմում իմ անձնական վիշտն է: Ի՞նչ են արել քեզ հետ: Որտե՞ղ է այն զիլ տղամարդը, որն օդանավում օձերին ուղարկում էր ուր որ պետք է: Նա այստեղ ասես ինքն իր չինական կեղծումը լինի:

Ջեյմս Մակեւոյը միակ առույգ հերոսն է (նրա մեջ ապրող բոլոր 20 անձանցով), զգում ես, որ նա իր հերոսին խաղում է ուղղակի հնարավորությունների բարձրակետին, բայց ահա խնդիրն այն է, որ, ըստ էության, խաղալու բան էլ չկա:

Արդյունքում՝ մեզ ենթատեքստով, զիլ երկխոսություններով եւ «А» դասի դերասաններով արտակարգ հոգեբանական կինոնկար տալու փոխարեն, ստացել ենք իմաստ չունեցող եւ առանց տեսարանների կիսաբլոքբասթեր:

Ընդհանրապես, խորհուրդ չեմ տալիս կինոթատրոն գնալ այս ֆիլմը դիտելու:

P.S.

Եվ մի բան էլ. սյուժետային թվիստը պետք է ուղեղը պայթեցնի (լավ իմաստով), այլ ոչ թե հանդիսատեսին այնպիսի դեմքով թողնի, որի վրա կարդում ես՝ դուք ի՞նչ է, ձեռք եք առնում:

Հաճելի դիտում
Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE