Մասնագետի խորհուրդները. գարեջրային դիմակներ մազերի համար

21:13   13 հունիսի, 2013

Գարեջուրը վաղուց է հայտնի մազերն ամրացնող հատկությամբ: Սակայն հարկ է նկատել, որ շիկահերներին գարեջրային դիմակները հակացուցված են, քանի որ կարող են բաց գույնի մազերին անցանկալի երանգներ առաջացնել: Գարեջրային դիմակների մասին մանրամասներ կպատմի վարսահարդար Հասմիկ Մովսիսյանը:

«Հարկավոր է մազերի համար ճիշտ գարեջրային դիմակ ընտրել, որը հարմար է հենց ձեզ, քանի որ ինչ-որ մեկին հարկավոր է փայլ, մյուսին՝ փափկություն եւ այլն:

Ամրացնող դիմակ

Անհրաժեշտ են գարեջուր եւ ձու: Կախված մազերի երկարությունից՝ մեկ կամ երկու ձվի դեղնուցը խառնեք գարեջրի հետ այնպես, որ ստացվի ոչ շատ հեղուկ զանգված: Այն քսեք մազերին եւ փոքր-ինչ տրորեք գլխամաշկը: 20 րոպե անց լվացեք գլուխը: Շատ կարեւոր է այս դիմակը լվանալ տաք ջրով:

Դիմակ չոր մազերի համար

Այս դիմակը հարմար է նրանց, ում վարսերին խոնավորություն եւ հարթություն է պետք: Այն օգտակար է նաեւ ճյուղավորվող եզրերի դեպքում: Մեկ բաժակ գարեջուրը փոքր-ինչ տաքացրեք եւ ավելացրեք մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ:

Դիմակը պատրաստ է: Այն քսում եք գլխին եւ 15-20 րոպե անց լվանում:

Առողջացնող դիմակ

Որպեսզի մազերն ավելի առողջ լինեն, էլեկտրական հարիչում խառնեք մեկ ձվի դեղնուց, կես բանան (առանց կեղեւի) եւ կես խնձոր (առանց կորիզի): Ստացված զանգվածին ավելացրեք խնձորի հյութ եւ գարեջուր՝ հավասար չափաբաժիններով, այնպես, որ ստացվի ոչ շատ հեղուկ զանգված:

Հարկավոր է այն քսել գլխին, փաթաթել պոլիէթիլենով եւ սրբիչով: Գլուխը լվանալ 20 րոպե անց»:



© NEWS.am STYLE