«Ու լացում էին բոլորը». Անուշկա Մարգարյանի 30-ամյակի խնջույքի ամենահուզիչ դրվագն ու ամենաօրիգինալ նվերը (ֆոտո/վիդեո)

13:05   24 հունվարի, 2019

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը հունվարի 22-ին նշեց ծննդյան 30-ամյակը: Իր կյանքի 30-րդ տասնամյակն Անուշկան դեռեւս դժվարությամբ է ընկալում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին արեց մի շարք այլ խոստովանություններ եւ պատմեց, թե ինչպես է նշել հոբելյանական տարեդարձն ու ինչ անկակնալներով ու հուզիչ դրվագներով է այդ օրը նշանավորվել իր կյանքում:

«Չեմ ընկալում տարիքս: Տորթիս մոմերը դնելիս մայրիկիս ասացի, որ 03 դնի (ծիծաղում է): Միայն զգում եմ, որ ժամանակն է ազատվելու այն ամենից, ինչը խանգարում է ապրել՝ վատ մտքեր, բացասական հույզեր, մարդիկ, որոնց հետ ոչ մի էներգափոխանակում տեղի չի ունենում, միայն քոնն են խլում… Նմանատիպ երեւույթները թուլացնում են»:

Կեսգիշերին Անուշկային անակնկալ են մատուցել ընկերուհիները՝ դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ու սցենարիստ Դիանա Գրիգորյանը: Նրանց այցը բավականին զավեշտալի միջադեպի առիթ է հանդիսացել:

«Շատ ուրախ անցավ: Դրական մթնոլորոտ էր: Ամենազվարճալին այն պահն էր, որ շփոթվել եւ թակում էին ներքեւի հարեւանի դուռը, բայց ես բացեցի (ծիծաղում է): Չգիտեմ՝ ինչպես լսեցի նրանց ձայները: Բացեցի մեր դուռը, բայց տեսա՝ մարդ չկա, հետո ծիծաղելով Ժաննան ու Դիանան բարձրացան վերեւ: Ես էլ կարծում էի՝ դուռը թակել եւ թաքնվել են»:

Թեպետ Անուշկան նախապես ոչինչ չէր պլանավորել, բայց ծննդյան խնջույքը բավականին ուրախ է անցել:

«Կարաոկե ակումբներից մեկում ենք նշել տարեդարձս: Ոչինչ չէի պլանավորել, վերջին պահին որոշեցի այդպես նշել: Խնջույքին ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ: Հրաշալի անցավ… Շնորհավորանքներն այնքան շատ էին՝ մեկը մյուսից օրիգինալ: Կդժվարանամ առանձնացնել, թե որն է եղել ամենաօրիգինալ շնորհավորանքը, բայց ամենաօրիգինալ նվերը նարդին էր, որը նվիրեց ընկրուհիս՝ Քնարիկը»:

Անուշկան իր ծննդյան խնջույքին բավականին ակտիվ է եղել: Ընկերների համար մի շարք երգեր է կատարել, բայց ամենահուզիչ պահը եղել է այն, երբ որոշել է երգ նվիրել մայրիկին (Տեսանյութն՝ այստեղ):

«Պատվիրեցի Իրինա Ալեգրովայի «Мама» երգը, որպեսզի երգեմ, բայց երբ մայրս երգելու ընթացքում մոտեցավ եւ գրկեց ինձ, արցունքներս անկախ ինձանից սկսեցին հոսել: Լացելով եմ երգել… Ու լացում էին բոլորը (ծիծաղում է): Շատ հուզիչ պահ էր…»:

Բազմաթիվ շնորհավորանքների ե մաղթանքների մեջ Անուշկան ինքն իրեն եւս առանձնացրել է մի մաղթանք.

«Ինքս ինձ մաղթում եմ մի քիչ բախտ… Ընդամենը… (ժպտում է)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անուշկա Մարգարյանը



© NEWS.am STYLE