Վարսահարդարի խորհուրդները. ինչպես ճակատի մազափունջ կտրել

18:08   13 հունիսի, 2013

Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ հաճախ հարց են տալիս, թե ճակատի ինչպիսի մազափունջ է սազում հենց իրենց: Այդ պատճառով NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Լուսինե Գրիգորյանին՝ պարզելու, թե ինչպիսի՞ ճակատի մազափունջ է սազում դեմքի որոշակի կառուցվածքին:

«Մի քանի տարի առաջ ամենից սեքսուալն ու գրավիչը համարվում էր երկար մազափունջը: Այն փակում էր աչքերը եւ խորհրդավորություն հաղորդում: Հիմա ճակատի մազափնջերի նորաձեւությունը փոխվել է: Շատերը նախընտրում են ոչ թե խիտ, այլ նոսր մազափունջ: Ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել, քան վարսերի տակից նայող հանդուգն հայացքը: Բայց պետք չէ մոռանալ կարեւոր մի մանրուքի՝ դեմքի կառուցվածքի մասին: Եթե ճակատի մազափնջի որոշակի ձեւ եք ընտրել, հարկավոր է այդ մասին խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ միայն նա կարող է հստակ ասել, կսազի՞ այն ձեզ, թե՝ ոչ:

Եթե դուք բարձր ճակատ ունեք, միանշանակ կսազի երկար եւ ուղիղ մազափունջը: Այն ձեր դեմքն ավելի ճիշտ կդարձնի, կօգնի նաեւ թաքցնել ճակատի թերությունները, եթե այդպիսիք կան: Բացի այդ, երկար ուղիղ մազափունջը ձեր կերպարն ավելի հաճելի կդարձնի եւ որոշակի գրավչություն կհաղորդի:

Եթե ձեր դեմքը եռանկյունաձեւ է, ապա կսազի աղեղի տեսքով ոչ շատ խիտ մազափունջը: Այն ձեր դիմագծերն ավելի հավասար կդարձնի եւ կմեղմացնի դրանք: Հարկ է նկատել, որ նման մազափունջն ամենօրյա հարդարման կարիք չունի:

Եթե ձեր դեմքը փոքր է, ուրեմն երկար մազափնջի մասին մոռացեք: Ձեզ համար ամենից հարմարն անհավասար ծայրերով ճակատի մազափունջն է: Այն կօգնի տեսողականորեն երկարացնել ձեր դեմքն ու ճակատը:

Եթե ձեր դեմքն օվալաձեւ է, ապա միանշանակ կսազի թեք, բայց երկար մազափունջը: Այն կօգնի հավասարեցնել ձեր դեմքի համամասնությունները եւ այն ավելի ճիշտ դարձնել:

Եթե ձեր դեմքը նեղ է եւ ցանկանում եք տեսողականորեն ավելի լայն դարձնել, ձեզ համար նույնպես հրաշալի տարբերակ կա. խիտ երկրաչափական մազափունջ»:



© NEWS.am STYLE