Բրիտանուհին զայրացած է. նրա որդու սպանության մասին պատմող ֆիլմը հավակնում է «Օսկար»-ի

22:07   24 հունվարի, 2019

Բրիտանուհի Դենիս Ֆերգյուսը պահաջել է իր փոքրիկ որդու սպանության մասին պատմող ֆիլմը հեռացնել «Օսկար» մրցանակաբաշխության մրցութային ծրագրից։ Նրա խոսքով՝ «նողկալի է», որ ֆիլմի հեղինակները փորձում են կարիերա կառուցել իր երեխայի մահվան փաստով, հայտնում է ВВС-ն։

Դենիս Ֆերգյուսը Ջեյմս Բալդջերի մայրն է։ Տղային սպանել են 1993թ.-ին, երբ նա ընդամենը երկու տարեկան է եղել։ Քննությունը պարզել է, որ հանցագործությունը կատարել են երկու 10-ամյա տղաներ, ովքեր այդ օրը դպրոց չեն հաճախել։ Տղայի սպանության մասին պատմությունը հիմք է դարձել իռլանդացի ռեժիսոր Վինսենտ Լեմբի «Ձերբակալում» ֆիլմի համար, որը նոմինացված է «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

«Չեմ կարող արտահայտել՝ ինչ զզվանք եմ զգում այն հանգամանքից, որ այդպես կոչված ֆիլմը նոմինացվել է «Օսկարի»»,- Twitter-ում գրել է Ֆերգյուսը՝ հիշեցնելով, որ ֆիլմի հեղինակներն իր թույլտվությունը չեն ստացել նկարահանումների համար, ինչպես նաեւ մահացած երեխայի հարազատներին ստիպել են վերապրել ողբերգությունը։

«Ֆիլմն «Օսկար»-ի է նոմինացված՝ չնայած 90․000 մարդ ստորագրել է հանրագիրը, որը կոչ էր անում այն դուրս թողնել մրցույթից»,- նշել է Ֆերգյուսը։ Միայն թե նրա բացասական ռեակցիային ոչ բոլորն են համաձայն. հեղինակավոր մրցույթին ներկայացված լինելու առիթով ֆիլմի հեղինակներին շնորհավորել է նաեւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը։

Ֆիլմի ռեժիսորը համաձայն չէ Ֆերգյուսի քննադատությանը. «Ես մտադրություն չեմ ունեցել, թե ֆիլմը դուր կգա Ջեյմսի հարազատներին, բայց ես հույս ունեմ, որ նրանք կհասկանան պատճառը՝ ինչու է ստեղծվել ֆիլմը։ Նրանց ցավեցնելու նպատակ չի եղել»։



© NEWS.am STYLE