Անահիտ Սիմոնյանը՝ Հայոց բանակի օրվան նվիրված իր նոր հավաքածուի եւ սպասվող ցուցադրության մասին

15:25   25 հունվարի, 2019

Հայոց բանակի օրվան ընդառաջ երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը կներկայացնի զինվորական թեմատիկայով նորաձեւության ցուցադրություն, որը կկայանա հունվարի 27-ին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտը որոշ մանրամասներ է հայտնել սպասվող իրադարձության վերաբերյալ։

«Զինվորական թեմատիկայով հագուստ վաղուց ներկայացրել ենք, սակայն բանակի օրվան ընդառաջ նորից ոգեշնչվեցինք եւ որոշեցինք ներկայացնել նոր հավաքածու»,-նշեց Անահիտը՝ հավելելով, որ տվյալ հավաքածուի շուրջ ինքն ու իր թիմն աշխատել են մոտ մեկ ամիս։

«Ներկայացնելու ենք եւ առօրյա, եւ երեկոյան հագուստներ։ Կլինի 14 look, որոնցից 4-ը տղամարդիկ են ներկայացնելու։ Այսինքն՝ կլինի նաեւ տղամարդկանց հագուստ»։

Անահիտի զգեստների առաջին ցուցադրությունը տեղի էր ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին։ Այն անցել էր մեծ շուքով՝ ոչ միայն հայ, այլեւ ռուս աստղերի՝ Քսենիա Բորոդինայի եւ Օլգա Բուզովայի մասնակցությամբ։ Անահիտի խոսքով՝ նոր հավաքածուի ցուցադրությունն էլ անակնկալներից զերծ չի լինի, իսկ ամենահետաքրքիրը ներկայացված կլինի հենց ցուցադրվող նմուշների տեսքով։ Պոդիումի վրա մոդելները կքայլեն թեմատիկ երաժշտության ներքո։

Ինչ վերաբերում է զինվորական հագուստի հանդեպ իր նախասիրությանը՝ Անահիտը նշեց.

«Այդ ոճը շատ եմ սիրում. առօրյայում էլ ինքս կրում եմ»։

Երգչուհի-դիզայների նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 16։00-ին եւ 18։00-ին՝ «Ռիո» մոլում։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE