«Օսկար»-ի ֆավորիտ ֆիլմի դերասանին թույլ չեն տվել ԱՄՆ մուտք գործել

23:34   25 հունվարի, 2019

Դերասան Խորխե Անտոնիո Գերերոյին ԱՄՆ-ի հյուպատոսությունը երեք անգամ մերժել է վիզա տրամադրել։ Դերասանը ցանկանում է մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը, ուր նրա մասնակցությամբ ֆիլմը կարող է արժանանալ գլխավոր մրցանակին, հայտնում է El Sol de Tijuana-ն։

Ամենայն հավանականությամբ դերասանը ներկա չի լինի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնման արարողությանը։

Նրա խոսքով՝ գերատեսչության աշխատակիցներն իրեն մերժել են վիզա տրամադրել կասկածների պատճառով, որ ինքը մտադիր է աշխատանք փնտրել ԱՄՆ-ի տարածքում։ Երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու գործընթացը մեքսիկացին «անմոռանալի տեսարան» է անվանել։

Խորխե Ատոնիո Գերերոն խաղացել է «Ռոմա» ֆիլմում, որը նոմինացված է միանգամից 10 անվանակարգերում։ Ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի ֆիլմն ունի լավագույնը դառնալու բոլոր հնարավորությունները։

2008թ.-ին եւս Գերերոյին մերժել էին մուտքի վիզա տրամադրել։ Այդ ժամանակ նա ցանկացել էր ԱՄՆ այցելել որպես զբոսաշրջիկ։ Վիզա ստանալու մյուս փորձերը կապված են «Ռոմա» ֆիլմում մասնակցության հետ։ Գերերոյին ոչ մի կերպ չի հաջողվել մասնակցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հանձնման արարողությանը, որի ընթացքում ֆիլմն արժանացել էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին։



© NEWS.am STYLE