«Որքան շատ եմ սովորում, այնքան գիտակցում եմ, որ իրականում շատ քիչ բան գիտեմ». Միշել Լեգրանը՝ կյանքի, Հայաստանի ու պապի հուշերի մասին

13:05   26 հունվարի, 2019

Այսօր՝ հունվարի 26-ին, 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր եւ երգիչ Միշել Լեգրանը: Լեգրանի մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, հայտնի հայկական ընտանիքից էր: Նա դաշնակահարուհի էր, իսկ հայրը՝ Ռայմոն Լեգրանը, եւս հայտնի կոմպոզիտոր էր, որից էլ անվանի երաժիշտը ժառանգել է երաժշտության հանդեպ իր սերը:

Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի եւ «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Առաջին անգամ մեծանուն կոմպոզիտորը Հայաստան այցելել է 2004 թ-ին: Նրա վերջին այցը 2017 թ-ին էր: Կոմպոզիտորն այդ տարի մասնակցեց Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգային ծրագրին, իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում կիսվեց  Հայաստանի մասին այն հուշերով, որոնք պատմել էր պապը.

«Երբ փոքր էի, պապիկս միշտ պատմում էր իմ հայրենիքի մասին, եւ հիմա ես այստեղ եմ՝ Հայաստանում: Ցավոք, ես շատ քիչ եմ ապրել պապիկիս հետ: Տասը տարեկան էի, երբ նա մահացավ, բայց հիշում եմ, որ միշտ խոսում էր իր գյուղի, իր ընտանիքի մասին, որը մասնատվեց, քայքայվեց: Նա միշտ ներկա է եղել իմ մանկության մեջ: Նա երաժիշտ էր, ուդ էր նվագում»,-նշել էր նա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լեգրանի հայտնի մեջբերումներից եւս մի քանիսը:

«Հայրս ինձ թողել էր մի հին ու մաշված դաշնամուր: Քույրս արդեն դպրոցական էր, մայրս էլ ամեն օր աշխատանքի էր գնում: Ես տանը մենակ էի մնում տատիկիս հետ, որը ոչինչ չէր հասկանում: Դա այնքան ձանձրալի էր, որ ես ամբողջ օրը դաշնամուրի դիմաց էի անցկացնում, եւ դա էր ինձ փրկում»:

«Ես գրում էի մեղեդիներ… 30, 40, 50 մեղեդի… Հետո դրանք զտում էի, մինչեւ որ առանձնացնում էի միայն երկուսը կամ երեքը: Այնուհետեւ գնում էի ռեժիսորների մոտ եւ ասում, որ ընտրեն դրանցից մեկը»:

«Երբ ռադիոյով երաժշտություն էի լսում, մտքումս փորձում էի այն վերարտադրել: Վերարտադրում էի երաժշտությունը, հետո հարմոնիան»:

«Ահա, թե ինչպես եմ ես աշխատում. երբ ես կարծում եմ՝ ֆիլմը պետք է ունենա գլխավոր թեմատիկա, ես փնտրում եմ այդ մեղեդին»:

«Ես մի մեծ պարգեւ ունեմ իմ ներսում. մեղեդին ինձ մոտ ծնվում է առանց ջանք գործադրելու»:

«Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ սովորում: Որքան շատ եմ սովորում, այնքան գիտակցում եմ, որ իրականում շատ քիչ բան գիտեմ»:

«Եթե դու զիջում ես կյանքում ինչ-որ բան շահելու համար, դու ինքդ քեզ ես դավաճանում»:



© NEWS.am STYLE