«Սեւ հովազ»-ը` տարվա լավագույն ֆիլմ՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի վարկածով

12:09   28 հունվարի, 2019

«Սեւ հովազը» ֆիլմը դարձել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ֆավորիտը. ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն դերասանական կազմ» եւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում։ Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Ռայան Կուգլերի ֆիլմը նոմինացված է նաեւ ամենահեղինակավոր «Օսկար 2019»-ին եւ հավակնում է 7 մրցանակի։

«Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում հաղթել են Ռամի Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» եւ Գլեն Քլոուզը «Կինը» ֆիլմերում դերակատարման համար։

Հակառակ սպասումների՝ Բրեդլի Քուփերի եւ Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղը ծնվեց» ֆիլմը ոչ մի մրցանակի չի արժանացել։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչել Մախերշալա Ալին «Կանաչ գիրքը» ֆիլմի համար, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացել է Էմիլի Բլանը «Հանգիստ վայր» ֆիլմի համար։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ USA Today, Variety 



© NEWS.am STYLE