Իմ պատմությունը. «Հիմա պատրաստ եմ կատարել նրա բոլոր քմահաճույքները՝ տարիներ շարունակ պատճառած ցավի դիմաց»

22:03   14 հունիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:

«Վերջին շրջանում այս խորագիրը գրավեց ուշադրությունս, եւ բավական հետաքրքիր պատմություններ ընթերցեցի: Նաեւ նկատեցի, որ գրում են հիմնականում աղջիկները: Տղամարդիկ, հավանաբար, հարիր չեն համարում իրենց պատմությունները ներկայացնել: Իսկ ես ցանկանում եմ գրել իմ երջանկության մասին, որը ձեռք բերեցի մեծ դժվարությամբ, բայց այդ էլ միայն ու միայն իմ մեղքով:

Նրան ծանոթացա, երբ մազերս արդեն սկսել էին արծաթով պատվել, հասցրել էի ամուսնանալ, երկու որդի ունենալ եւ ամուսնալուծվել: Իսկ նա թխահեր, կայծկլտուն աչքերով կայտառ, երիտասարդ աղջիկ էր: 10 տարի էր ինձանից փոքր, բայց նրա կողքին ինձ ծեր էի համարում:

Ծանոթացանք համատեղ մի նախագծի ուղղությամբ աշխատելու ժամանակ: Երբ ներկայանալիս ձեռքը մեկնեց ու ժպտաց, ինձ թվաց՝ կխորտակվեմ նրա մանկական ու անկեղծ հայացքի թավուտներում: Երկար ժամանակ չէի կարողանում ինձ հավաքել, կարծես հարբած լինեի: Մեր գործընկերները նախ տարօրինակ հայացքներ էին փոխանակում, հետո որոշեցին, որ հիվանդ եմ, եւ առաջարկեցին հանդիպումը հետաձգել: Համաձայնեցի եւ վերջին անգամ նայեցի նրա ուղղությամբ: Ուրախ զրուցում էր տղաներից մեկի հետ, երեւի հետաքրքիր ինչ-որ բան էր պատմում: Իսկ ես հասցրել էի սիրահարվել ու խանդել:

Հետո անընդհատ հանդիպում էի փնտրում, նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս՝ պատճառաբանելով համատեղ նախագծի շուրջ նոր գաղափարներ քննարկելու անհրաժեշտությամբ: Բայց գործից գրեթե չէինք խոսում: Պատանեկությունս կարծես վերադարձել էր: Ծեր չէի, բայց նրա կողքին ինձ ավելի երիտասարդ էի զգում: Մի անգամ նույնիսկ մտերիմ ընկերներիս հետ հանդիպում կազմակերպեցի: Կարծես հարսնատես էին եկել, ոտքից գլուխ ուսումնասիրում էին, հարցեր տալիս, իսկ խեղճ աղջիկն աշակերտի նման կուչ էր եկել աթոռի մի անկյունում եւ ցածրաձայն պատասխանում էր: Անհարմար զգացի: Այդ օրից խուսափում էր ինձ հետ առանձին հանդիպել:

Մի օր նրան տեսա գրախանութում: Երկուսս էլ գրքերի նույն բաժինն էինք ընտրել: Սկսեցինք նորից հանդիպել: Նստում էինք Կասկադի աստիճաններին եւ բուռն քննարկում այս կամ այս գրողին, այս կամ այն ստեղծագործությունը: Անընդհատ հակադրվում էի: Պաշտում էի, երբ նա ոգեւորված ու բարկացած փորձում էր ապացուցել մի բան, ինչին ինքս առանց այդ էլ համաձայն էի:

Եկավ մի օր, երբ որոշեցի ծանոթացնել տղաներիս հետ: Ավագ որդիս, հավանաբար, հասկացավ, որ այդ աղջիկն ինձ համար թանկ է: Զգացի, որ նրան դուր չեկավ այդ փաստը, բայց իրեն քաղաքավարի պահեց: Իսկ փոքր տղաս պարզապես հիացած էր: Ուզում էր նորից ու նորից հանդիպել, եւ ես այնքան լավ էի հասկանում որդուս…

Երկու տարի անց ընդհանուր ընկերների հետ գնացինք զբոսանքի: Մյուսները բավական հեռու էին մնացել: Մենք զբոսնելով զրուցում էինք, երբ հանկարծ համարձակվեցի եւ առաջին անգամ համբուրեցի նրան: Վախեցած եղնիկի նման ծառս եղավ, պոկվեց գրկիցս ու հետ վազեց: Վերադարձի ճանապարհին կողքիս նստել էր լուռ եւ անշարժ, հարցերիս պատասխանում էր գլխի թեթեւակի շարժումով: Սարսափելի շփոթված էի, չգիտեի ինչ անել…

Վերադարձանք Երեւան, եւ ես երկար ժամանակ չզանգահարեցի: Մեր ընկերությունները համատեղ նոր նախագիծ էին սկսել, բայց ես չէի մասնակցում: Հիմա արդեն նա էր փորձում հանդիպել, ամեն հարմար առիթով թակում էր աշխատասենյակիս դուռը: Իսկ ես հիմարի նման ինձ սառն ու անտարբեր էի պահում: Սիրտս կանգնում էր, բայց պատճառաբանեցի, որ ամուսնալուծված եմ, երկու երեխա ունեմ եւ չեմ ցանկանում իր կյանքը փչացնել իմ հոգսերով…

Մի քանի ամիս անց իմ սրտի թագուհին ամուսնացավ եւ գնաց ԱՄՆ: Երեւանում խուսափում էի հանդիպել, իսկ հիմա ամեն հարմար առիթով նամակներ էի գրում: 4 տարի հետո վերադարձել էր Հայաստան: Ես չգիտեի, ընկերներիցս մեկը նրան տեսել էր գրախանութում: Չէր կարողացել ապրել օվկիանոսից այն կողմ, իսկ ամուսինը չէր ցանկացել վերադառնալ Երեւան: Ամուսնալուծվել էր ու եկել: Հանդիպեցինք… Մի քանի ամիս միասին էինք: Հեքիաթային օրեր էին: Մի անգամ հարցրեց, թե ինչո՞ւ չենք կարող միասին ապրել: Արդեն մեծ ենք, երկուսս էլ ապերջանիկ անցյալով, ինչո՞ւ չվայելենք վերջապես գտած երջանկությունը: Ասացի, որ իմ ծրագրերը հիմա այլ են:

Գնաց ու կորավ տեսադաշտից: Ասում են՝ Երեւանը փոքր է, բայց այս մի բուռ քաղաքում չկարողացա գտնել նրան: Եվ հնարավորություն չունեցա ասելու, որ «այլ ծրագիրս» նոր բնակարան գնելն ու իր հետ ամուսնանալն էր: Ինչպես միշտ, ուշացա…

Պատահաբար փողոցում հանդիպեցինք արդեն 2 տարի անց: Գրկում փոքրիկ հրաշք աղջիկ կար: Սարսափելի ինձ նման, կարծես պատճենել էին… Այլեւս սխալվելու ժամանակ չունեի: Նրա կամքին հակառակ ստիպեցի նստել ավտոմեքենան եւ մեր փոքրիկի հետ գնացինք ՄԵՐ տուն: Հիմա արդեն միասին ենք: Որդիներս հարմարվել են քույրիկի գոյության փաստին: Դե, արդեն հասուն տղաներ են: Իսկ իմ սիրելին կարողացավ համախմբել մեզ բոլորիս: Իսկ ես՝ վախկոտս, որ ձգտում էի խուսափել լուրջ հարաբերություններից՝ մտածելով, որ ընտանեկան կյանքն արդեն ինձ համար չէ, երջանիկ եմ անսահման: Եվ պատրաստ եմ կատարել իմ սիրելիի բոլոր քմահաճույքներն ու կամակորությունները՝ որպես փոխհատուցում տարիներ շարունակ նրան պատճառած վիրավորանքի ու ցավի դիմաց: Իսկ ես հերթական նվերն եմ սպասում. մեկ ամսից որդի ենք ունենալու:

Միքայել»

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:



© NEWS.am STYLE