Սոֆի Լորենին նմանության եւ Քեոսայանին կարոտելու մասին. Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է սկեսրոջ հոբելյանը

12:56   29 հունվարի, 2019

Մարգարիտա Սիմոնյանի Instagram-ի վերջին հրապարակումները նվիրված են միայն մեկ հոգու՝ նրա սկեսրոջը՝ Տիգրան Քեոսայանի մայրիկին՝ Էդմոն Քեոսայանի այրի Լաուրային։ Լրացել է խորհրդային շրջանի դերասանուհի Լաուրա Քեոսայանի 80-ամյակը, եւ Մարգարիտան ոչ միայն ցույց է տվել՝ ինչպես են նշել հոբելյանը, այլեւ պատմել ամուսնու մոր հետ հարաբերությունների մասին։   

Սկեսրոջ մասին հրապարակումների շարքը սկսվել է նրա՝ յուրօրինակ խնամված լինելու եւ արտասովոր գեղեցկության մասին պատմությունից։

«Մի անգամ այս գեղեցկուհուն խանութ տարա։ Մինչ նա բծախնդրորեն նայում էր խիստ, նեղ շրջազգեստները, վաճառողուհին ինձ շշուկով հարցրեց՝ նա Սոֆի Լորե՞նն է»,- պատմել է Մարգարիտան։

Նա նաւ հայտնել է, որ խնամված սկեսուրն ամեն առավոտ իրեն աշխատանքի ճանապարհելիս նախատում է արտաքին տեսքի համար։ «Մարգո՛, դու այս տեսքով աշխատանքի՞ ես գնում։ Թաց մազերո՞վ։ Առանց սանրվածքի՞։ Առանց դիմահարդարմա՞ն։ Զինա՛,- դիմում է նա մայրիկիս,- խոսի՛ր նրա հետ։ Սպորտային կոստյում եւ ոտնամաններ կրող մայրս ի պատասխան միայն ծիծաղում է։ Բոլորս միասին ենք ապրում, եւ ես շատ երջանիկ եմ, որ ամեն առավոտ կա ինչ-որ մեկը, ով հիշեցնում է գոնե գլխաշոր գցել թաց գլխիս եւ կա մեկը, ում հետ քնելուց առաջ՝ նյարդային աշխատանքից հետո, կիսաձայն կարելի է շշնջալ իմ սիրելի կարմիր գինու եւ նրա սիրելի հայկական կոնյակի ուղեկցությամբ»,- գրել է Տիգրան Քեոսայանի կինը։

Տարեդարձը բավական ուրախ է անցել եւ ինչպես երեւում է Մարգարիտայի հրապարակումներից, այն միայն մի օր չի նշվել։ Հայտնի ռեժիսոր Էդմոն Քեոսայանի այրին երեկոյի ընթացքում խնդրել է իր կողքին դատարկ աթոռ թողնել սիրելի ամուսնու համար։ Ի դեպ, Մարգարիտան խոստովանել է, որ Քեոսայանների շրջանում տաղանդներ շատ կան, եւ իրենք երբեք պրոֆեսիոնալ երգիչների չեն հրավիրում, առավել եւս երբ հարազատների շրջանում է նաեւ երաժիշտ Արամոն։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

«Գեղեցկուհի Սաշկա Քեոսայանը՝ Տիգրանի եւ Ալյոնայի ավագ դուստրը, այսօրվա հոբելյարի թոռնուհին, հորեղբոր հետ շնորհավորում է տատիկին 80-ամյակի կապակցությամբ»,- մեկնաբանել է նա։

Լաուրա Աշոտովնան, ով այրի է դարձել 25 տարի առաջ, հաճախ է հիշում ամուսնու՝ խորհրդային կինեմատոգրաֆիայի լեգենդի՝ Էդմոն Քեոսայանի մասին։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Նա Մարգարիտայի մայրիկի հետ երգել է «Ով սիրուն, սիրուն» երգը եւ պատմել՝ ինչ պատմություն է «թաքնված» այս երգի տակ։ «Այս երգն Էդիկի հետ միշտ երգում էինք։ Իսկ Տարկովսկին ասում էր՝ «Նման գեղեցիկ մեղեդի երբեք չեմ լսել»»,- գրել է Սիմոնյանը։



© NEWS.am STYLE