«Հայերեն երգերը շատ գեղեցիկ են հնչում». Արծվիկն իր նոր հայալեզու աշխատանքի մասին (ֆոտո/վիդեո)

14:05   29 հունվարի, 2019

Ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը, որը պարբերաբար համագործակցում է ռուսական հեռուստաընկերության հայտնի նախագծերի եւ արտիստների հետ, երեկ նոերկայացրել է իր նոր երգը, որը կրկին հայերենով է: «Ուրիշ մոլորակից»՝ այսպես է կոչվում «Եվրատեսիլ 2017»-ի մեր դեսպանի թվով երրորդ հայալեզու ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակը կրկին Սոսի Խանիկյանն է: Երաժշտությունը հեղինակել է հենց ինքը՝ Արծվիկը:

NEWS.am STYLE-ն օտագործելով այս առիթը՝ զրուցել է Արծվիկի հետ նոր երգի եւ կրկին հայերեն երգելու մասին:

«Սա իմ երրորդ հայալեզու երգն է: Երկրպագուներս ցանկություն ունեին, որպեսզի ես ավելի հաճախ հայերեն երգեր ներկայացնեմ, բայց սա նաեւ իմ ցանկությունն էր, որովհետեւ ես շատ հարմար եմ ինձ զգում հայերեն երգելով: Մեր լեզուն ճկուն է, հնչեղ: Հայերեն երգերը շատ գեղեցիկ են հնչում»:

Խոսելով Սոսի Խանիկյանի հետ հերթական համագործակցության մասին՝ երգչուհին նշեց.

«Սոսիի հետ եմ կրկին համագործակցել, արդեն երրորդ անգամ հենց նա է հեղինակում իմ երգերի բառերը: Կարծում եմ՝ հենց նա կհեղինակի իմ առաջիկա ձայնասկավառակի բոլոր երգերի բառերը: Նա հրաշալի խոսքեր է գրում, մենք իրար շատ լավ ենք հասկանում, այդ պատճառով էլ ես մեծագույն հաճույքով եմ նրա հետ աշխատում: Նա շատ տաղանդավոր է եւ կես խոսքից հասկանում է իմ միտքը: Ես, պարզապես, ներկայացնում եմ թեման ու նա այնքան շուտ է վերաշարադրում իմ մտքերը, որ, գրեթե, ոչինչ հետո փոխելու կարիք չի լինում: Սոսին մեր լավագույն հեղինակներից է ու ես շատ եմ գնահատում նրա կատարած աշխատանքը»:

Երգը կարճ ժամանակում հասցրել է դրական արձագանք գտնել համացանցում: Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք մտադրություն չունի՞ հետագայում այն ներկայացնել տեսահոլովակի տեսքով:

«Դեռ չգիտեմ՝ տեսահոլովակ կներկայացնեմ, թե ոչ, բայց չեմ բացառում: Շատ հնարավոր է, որ երգը հետագայում հենց տեսահոլովակով ներկայացնենք»:

Ինչ վերաբերում է Հայաստան մոտալուտ այցին եւ երկրպագուների հետ հանդիպմանը, երգչուհին նշեց.

«Հայաստանում այնքան առիթներ են լինում, որպեսզի գամ եւ ելույթ ունենամ, բայց Մոսկվայում գործերս հաճախ թույլ չեն տալիս, որ այդքան հաճախակի գամ: Վստահ եմ՝ շուտով էլի առիթ կստեղծվի գալու, այնպես որ, շուտով կհանդիպեմ իմ հայ հանդիսատեսի հետ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արծվիկի անձնական արխիվից



© NEWS.am STYLE