«Յուրաքանչյուր հայուհի կյանքում գոնե մեկ անգամ պետք է տարազ հագնի». Լիլիթ Մելիքյան

19:33   30 հունվարի, 2019

Նույնիսկ հիմա՝ XXI դարում, տարազն արդիական է. եւ խոսքը ոչ միայն նորաձեւ էթնոմիտումների մասին է, այլ նաեւ քո տեղի ըմբռնման ազգային կոորդինատների համակարգում, սեփական ինքնության գիտակցության մեջ:

«Յուրաքանչյուր հայուհի կյանքում գոնե մեկ անգամ պետք է հագնի ազգային հագուստը եւ հասկանա, թե ծնունդով որտեղից է»,- այսպիսի ամուր համոզմունք ունի Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը:

Արդեն 17 տարի Տերյան մշակութային կենտրոնը մեզ ուրախացնում է ցուցադրություններով եւ հայկական ազգային հանդերձանքի՝ տարազի արդիականացմամբ:

«Կենտրոնը ստեղծվել է կամավոր հիմունքներով: Ստեղծել է մարդ, որն զբաղվում է անչափ վառ, ոչ սովորական անհատականություն Վահան Տերյանի ժառանգությամբ: Ավաղ, մենք նրան ճանաչում ենք միայն որպես մեծագույն բանաստեղծի: Բայց նրա գործունեությունը միայն դրանով չի սահմանափակվել. նա նաեւ հասարակական և քաղաքական գործիչ էր»,- պատմում է Լիլիթը: 

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում կենտրոնն ընդլայնել է իր գործունեությունը, որպեսզի աշխարհին ցույց տա հայկական մշակույթի նյութական եւ հոգեւոր գեղեցկությունը:

«Անհրաժեշտ է մեր մասին պատմել աշխարհին: Եվրոպացի դիզայներները, ինչպես Dolce & Gabbana-ն, իրենց հավաքածուներում վաղուց են օգտագործում հայկական գորգի տարրերը, սակայն ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ բուն տարրը հայկական է: Մենք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցրեցինք. զարդանախշերը տեղափոխեցինք գործվածքի վրա, թողարկեցինք ձմեռային եւ ամառային հագուստի, գլխաշորերի, պայուսակների հավաքածուներ... Հավելեցինք նաեւ տպագրական արտադրանք՝ փոքրիկ անձնագիր, որտեղ հակիրճ ներկայացված է գորգի պատմությունը: Սա յուրատեսակ հրավեր է Հայաստան»,- ջերմորեն ասում է Լիլիթը:

 

Մինչ թափառում էի կենտրոնում՝ խորասուզվելով կոլորիտային մթնոլորտի մեջ, Լիլիթը պատմեց մի բեկումնային դեպքի մասին. մի անգամ նրան տվել են «Ադրբեջանական գորգեր» կոչվող գիրք: «Գիրքը փոխանցեց Մոսկվայում հայտնի հայ դիզայներ՝ հավելելով. «Գիտեմ, որ քեզ համար ցավագին կլինի, բայց տես, թե ինչ կարելի է անել սրա հետ կապված»… Այդ գրքում յուրաքանչյուր երկրորդ գորգը ծագում էր Լեռնային Ղարաբաղից եւ Նախիջեւանից: Ցանկացած հայ այս գիրքը ձեռքը վերցնելիս շատ մեծ ցավ կապրի: Մեր ամբողջ ժառանգությունը զետեղված է «Ադրբեջանական գորգեր» կոչվող գրքում: Հայաստանը բղավում է. «ՅՈՒՆԵՍԿՕ, արթնացե՛ք»: Չէ՞ որ գորգերի վրա տառացիորեն խաչեր են պատկերված»:

Մինչ աչքերս շաղվում էին շուրջբոլորս առկա խայտաբղետությունից եւ կոլորիտից, Լիլիթն ինձ ավելի մանրամասն պատմեց, թե տարբեր ժողովուրդների հանդերձանքում ինչ դեր է խաղում ասեղնագործության ձեւը եւ գույնը:

«Խաչով ասեղնագործությունը շատ տարածված է ռուսների, բելառուսների եւ ուկրաինացիների մոտ: Կան միայն հայերին եւ հնդիկներին հատուկ տարատեսակներ, ինչպես, օրինակ, «Մարաշ» կարը: Անգամ Ճապոնիայից են Հայաստան գալիս կարի այդ ձեւը սովորելու: Մեզ մոտ կա նաեւ «Վահանի» կար… Իսկ ասեղնագործության «Այնթապ» ձեւը շատ տարածված է Նորվեգիայում եւ Սկանդինավյան երկրներում, մինչդեռ հին Հայաստանում ճիշտ այնպիսի գոտիներ էին պատրաստում, ինչպիսին Սկանդինավիայում»,- նշում է Լիլիթը:

Լիլիթն ասաց, որ բացի ասեղնագործությունից, հայերը հնուց ի վեր զբաղվել են բատիկայով՝ հագուստի նկարազարդմամբ: «Ինդոնեզիան է բատիկայի հայրենիքը համարվում, բայց հայկական ժառանգությունն ուսումնասիրելով՝ հանգում ես այն եզրակացության, որ մեր ժողովուրդը բնական ներկերով «ձեռքի տպագրությամբ» զբաղվել է նրանցից շատ ավելի վաղ»,- ասում է նա:

Իմ ուշադրությունը գրավեց բավականին վառ, կոլորիտային ազգային հանդերձանքը. ինչպես պարզվեց, գունային գամման այստեղ եւս կարեւորագույն դերակատարում ունի որպես մշակութային ինդիկատոր: «Սլավոնական ժողովուրդները իրենց հանդերձանքը տեսնում են երկու գույնով, մինչդեռ մեր ազգը վառ գունային գամմա ունի…Սա գալիս է մեր խառնվածքից, քանի որ ճաշակ հասկացությունը ներսից է բխում՝ այնտեղից, որտեղ արյունն է հոսում,- համոզված է Լիլիթը: - Յուրաքանչյուր հայուհի կյանքում գոնե մեկ անգամ պետք է ազգային հանդերձանք հագնի»:

Ես, իհարկե, չէի կարող ընձեռված հնարավորությունը չօգտագործել եւ իսկական հայկական հարսանեկան հանդերձանքը չհագնել (գլխավոր լուսանկար):  

«Ձեր հագին IXX դարի վերջի XX դարի սկզբի զգեստ է: Սա Այրարատն է, Երեւանի նահանգը: Գիտեք, շատերն անգամ մեր օրերում են ցանկանում այսպիսի զգեստով ամուսնանալ»,- ասում է Լիլիթը: Նրա խոսքով՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչները երազում են իրենց տանը նման հանդերձանք ունենալու մասին, որ անգամ 1000 կմ հեռավորությունից Հայրենիքին մոտ լինեն: «Բայց ես չեմ վաճառում իսկական հայկական հանդերձանքի հավաքածուն, այն միայն ցուցադրում եմ: Դրա մեջ այնքան մարդկային աշխատանք կա, ընկալում եւ ջերմություն»,- հավաստիացնում է այս հարստության «տիրուհին»:

Ի դեպ, խոսելով տարազի արդիականացման մասին՝ նա ասաց, թե եթե կարծում եք, որ հայկական տարրերով հագուստ հագած քաղաքում զբոսանքի դուրս գալը կարող է անհեթեթ եւ անտեղի թվալ, ապա խորապես սխալվում եք: Տերյան մշակութային կենտրոնի վարպետները արդեն քանի տարի նորաձեւ հագուստի իրենց հավաքածուներում հայկական նախշազարդեր են օգտագործում: «Վաճառքի համար նախատեսված հավաքածուն մենք պատրաստում ենք ավելի նորաձեւ առաջարկով… Հայկական նախշազարդերն օգտագործվում են նրբորեն եւ առանց պարտադրանքի»,- նշեց Լիլիթը:

 

«Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ տպարանում մի տղամարդու հանդիպեցի, որը Հայաստանում արտադրված տաբատների վրա փակցնելու համար տպագրում էր «MADE IN TURKEY» պիտակներ: Քանի որ թուրքական ամեն ինչը շատ ավելի լավ է վաճառվում, քան հայկականը,- հիշում է Լիլիթը, որը նման մոտեցմանը կտրականապես դեմ է: - Իհարկե, «MADE IN ARMENIA» պիտակով ապրանքի ծավալը կարող է կտրուկ նվազել: Բայց շատ ավելի կարեւոր է հավատարիմ մնալ քո բարոյական սկզբունքներին եւ Հայրենիքին»...

Մեր հանդիպման ավարտին դիզայները փայլող աչքերով եւ նոր բան սկսելու ցանկությամբ համակված մարդկանց երկու կարեւոր խորհուրդ տվեց: «Մաս-մարքեթ դուրս գալու համար ահռելի փողեր են պետք: Բայց իրականում շատ փող չունենալը վատ չէ, քանի որ դու հոգեպես ես զարգանում, երբ զբաղվում ես այն գործով, որը սիրում ես,- համոզված է նա: - Պետք չէ մուսային սպասել, ոգեշնչումն ինքն է գալիս: Մենք շարունակ բախվում ենք հիասթափությունների, դժվարությունների, անբարյացակամների: Գլխավորն առաջ ընթանալն է, շարունակել զարգանալ եւ թեւաթափ չլինել»:

Լիանա Խուդոյան

 



© NEWS.am STYLE