Exclusive. Հայազգի Արթուր Գուրունլյանը Դրյու Բերիմորի, RuPaul-ի եւ Ֆեյթ Հիլի հետ միասին կգնահատի CBS-ի The World's Best շոուի մասնակիցներին

15:25   30 հունվարի, 2019

The World's Best` այսպես է կոչվում ամերիկյան նոր միջազգային նախագիծը, որը փետրվարի 3-ից կհեռարձակվի CBS հեռուստաալիքի եթերով: Նախագծի ժյուրիի կազմում են հայտնի դերասանուհի Դրյու Բերիմորը, դերասան RuPaul-ը եւ քանթրի ժանրի հայտնի երգչուհի Ֆեյթ Հիլը: Բացի աստղային ժյուրիի կազմից՝ նախագիծը ունենալու է աշխարհի 38 երկրներից միջազգային փորձագետներ: Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը, որը նախագծի շրջանակում ներկայացնելու է Լոնդոնում հայտնի պարուսույց, համաշխարհային արտիստների հետ համագործակցություններով հայտնի Արթուր Գուրունլյանը:

Ինչպես միշտ՝ Արթուրն իր հերթական հաջողության մասին անդրադարձը վստահել է NEWS.am STYLE-ին եւ մանրամասներ հաղորդել միջազգային այս նոր ֆորմատի մասին:

«The World's Best-ը տաղանդաների միջազգային մրցույթի ձեւաչափ է, որին կարող են մասնակցել բոլորը՝ աշխարհի տարբեր ծայրերից:

Շոուի նպատակն է բացահայտել տաղանդավոր մարդկանց, որոնք կարող են լինել բոլոր հնարավոր ոլորտներից, օրինակ՝  մասնակիցների թվում են՝ երգող միանձնուհի՝ Իտալիայից, taekwondo-ի թիմ՝ Հարավային Կորեայից, ձեռնածու՝ Բրիտանիայից, ակրոբատ՝ Վեգասից եւ ֆլամենկո պարողներ՝ Իսպանիայից: Նախագծի հաղորդավարը «Էմմիի» մրցանակակիր Ջեյմս Քորդենն է: Մասնակիցները պայքարելու են 1 միլիոն դոլոր արժողության մրցանակային ֆոնդի համար եւ, իհարկե, հաղթողը կճանաչվի «Աշխարհում լավագույնը»»:

Արթուրն առավել, քան ոգեւորված է նման մասշտաբի նախագծում աշխատելու առաջարկի առթիվ.

«Նախագծի կազմակերպիչները ցանկանում էին գտնել մեկին, որը նախագծի շրջանակում կներկայացներ Հայաստանը, եւ այդպիսով որոշեցին կապվել ինձ հետ, իսկ երբ ես ստացա շոուում լինելու առաջարկը, իհարկե, առանց երկմտելու համաձայնվեցի:
Ես առավել, քան ոգեւորված եմ, քանի որ ներկայացնելու եմ իմ գեղեցիկ Հայաստանը: Մասնակիցների ելույթները չպետք է միայն գոհացնեն աստղային կազմ ունեցող ժյուրիին, որոնց թվում են՝ Դրյու Բերիմորը, RuPaul-ը եւ Ֆեյթ Հիլը, նրանք նաեւ պետք  լսեն ամբողջ աշխարհից մասնագետների կարծիքները: Մասնակիցներին կգնահատեն 38 երկրներից ժամանած մոտ 50 միջազգային փորձագետներ: Յուրաքանչյուր մասնակից պետք է ստանա նվազագույնը 75 միավոր, որպեսզի իրավունք ստանա անցնելու հաջորդ փուլ»:

Հայազգի պարուսույցն ասում է՝ մանակիցներին գնահատելու է առավելագույն անաչառությամբ.

«Շատ ուրախ եմ եւ ոգերորված: Այս ոլորտում երկար տարիներ եմ ու հրաշալի է, երբ կարող ես գնահատել բեմական գործունեություն ծավալող տաղադավոր մարդկանց: Բոլորը մեկը մյուսից լավն են: Այս նախագծում դուք չեք տեսնի ոչ մի թույլ ելույթ, բոլորն անհավատալիորեն տաղանդավոր են: Ես կլինեմ ազնիվ եւ արդար ժյուրի: Ես հասկանում եմ, թե ինչերի միջով են անցնում մասնակիցները՝ բարձրանալով բեմ եւ նման մեծամասշտաբ շոուում ելույթ ունենալով: Այնպես որ, ցանկացած ելույթ պետք է արժանանա մեր հարգանքին»:

The World's Best շոուն կհեռարձակվի The Super Bowl-ից անմիջապես հետո: Պրեմիերան կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 3-ին: Երկրորդ էպիզոդըը եթերում կհայտնվի փետրվարի 6-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE