Լավ մոռացված հինը. Իրական լրտեսություն՝ «Լրտեսական խաղեր»

20:39   30 հունվարի, 2019

NEWS.am STYLE-ը ձեզ հնարավորություն է տալիս «Լրտեսական խաղեր» ֆիլմի միջոցով լրտեսության աշխարհ խորասուզվել:

«Լրտեսական խաղերը» 2001 թվականի ֆիլմ է, որի ռեժիսորը հանգուցյալ Թոնի Սքոթն է: Գլխավոր դերերում Ռոբերտ Ռեդֆորդն  ու Բրեդ Փիթն են:

Սա լրտեսական պատմություն  է, որում ամեն ինչ ոչ միանշանակ է. անձնազոհությունը միաժամանակ ուղեկցվում է դավաճանությամբ, զոհաբերությունը՝ հերոսությամբ, ինքնապահպանման զգացումը՝ հուսահատ ռիսկով:

ԿՀՎ գործակալ Թոմ Բիշոփը (Բրեդ Փիթը) փորձում է իր սիրեցյալին դուրս հանել չինական բանտից, սակայն գերի է ընկնում:

ԿՀՎ ղեկավարությունը փորձում է ամեն կերպ արդարացում գգտնել Բիշոփին բանտից չհանելու համար, քանի որ Թոմի գործողություններին ամերիկյան հատուկ ծառայությունների ներգրավվածությունը կարող է հարվածի տակ դնել Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները:

Այդ ժամանակ  Նեյթան Մուրը՝ (Ռոբերտ Ռեդֆորդ) ԿՀՎ-ի պաշտոնաթող գործակալը, մի ամբողջ գործողություն է ծրագրում՝ փորձելով հայրենիք վերադարձնել իր նախկին գործընկերոջը:

Ֆիլմի պատմությունը առավելագունս իրատեսական է եւ գրեթե զուրկ է լրտեսական ֆիլմերին հատուկ պաթոսից: Եվ ընդհանրապես ֆիլմը շատ է տարբերվում  այլ լրտեսական պատմություններից. այստեղ նախագծի գլխավոր գրավչությունը ռեալիզմն է:

Մյուս կողմից այս ֆիլմը իր լրջության պատճառով ոչ բոլորին դուր կգա: Էլ չենք ասում, որ համաշխարհային քաղաքականության գոնե նվազագույն գիտելիքները չեն խանգարի, դե իհարկե ուղեղն էլ պետք է լարել:

Տպավորիչ տեսարանների բեմադրման եւ ռեժիսուրայի հարցերում Թոնի Սթոքը երբեք հատուկ խնդիրներ չի ունեցել, իսկ եթե հաշվի առնենք, որ այս ֆիլմում 115 000 000 դոլար է ներդրվել, ապա բոլոր հարցերը վերանում են: Միեւնույն ժամանակ ֆիլմում ամեն ինչ դոզավորված եւ զգույշ է՝ փոխհրաձգություններ, երկխոսություններ, սիրային պատմություններ, նորից փոխհրաձգություններ, երկխոսություններ եւ այլն:

Իհարկե, պետք է միանգամից զգուշացնել, որ Բրեդ Փիթի երկրպագուները կհիասթափվեն: Չնայած նրան, որ նա գլխավոր դերերում է, նա քիչ էկրանային ժամանակ ունի:

Սյուժեի հիմնական առանցքը Ռոբերտ Ռեդֆորդն է: Նա սյուժեն առաջ է տանում եւ հենց նա պետք է մտածի ազատման այս գործողությունը (կարծում եմ, Ռեդֆորդի դերասանական հմտության թեմայով խոսելը հիմարություն է): Փիթը նույնպես վատ չէ Թոմ Բիշոփի դերում՝ նա հրաշալի ցույց է տվել անփորձ իդեալիստ զինվորից իր հերոսի աստիճանական փոխակերպումը հաշվենկատ եւ փորձառու լրտեսի:

«Լրտեսական խաղերը» յուրահատուկ մասնագիտացված քաղաքական թրիլլեր է, որի նմանը գրեթե չկա:

Իրադարձությունները սահուն են ընթանում եւ դա կարող է շատերին վախեցնել: Բայց նրանց, ովքեր բարոյապես պատրաստ են դրան (իսկ եթե նաեւ բուն թեման է հետաքրքիր), հավաստիացնում եմ դուք անկեղծ հաճույք կստանաք այս ժապավենի դիտումից եւ կվայելեք իսկապես կլանող, լարված լրտեսական սյուժեն:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE