«Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է». Քրիստիան Բեյլը դարձավ 45 տարեկան

17:28   30 հունվարի, 2019

Բրիտանական ծագում ունեցող հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլն այսօր՝ հունվարի 30-ին, նշում է ծննդյան 45-ամյակը։

Կինոսերները նրան ճանաչում են «Բեթմեն. սկիզբ», «Խավարի ասպետը», «Կռվողը» եւ այլ ֆիլմերից։ Ի դեպ, վերջինի համար դերասանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի եւ «Օսկար»-ի՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։

Հայաստանում հայտնի աստղի մասին սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից հետո: Բեյլն այնտեղ գլխավոր դերերից մեկն է կերտել:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոլիվուդյան աստղի մտքերից մի քանիսը.

«Իմ մանկությունն ավարտվեց 13 տարեկանում, երբ հայրս հիվանդության պատճառով կորցեց աշխատանքն, ու ընտանիքի կերակրողը դարձա ես»:

«Կարծում եմ՝ կնոջ համար վատագույն բանն այն է, երբ նա փորձում է չափից դուրս սեքսուալ երեւալ»։

«Վախենում եմ ձանձրալի լինելուց»։

«Ոչ մի ճակատագիր էլ չկա: Կա միայն այն, ինչ դու անում ես, եւ այն, ինչից դու վախենում ես»:

«Դերասանը չպետք է իր մասնակցությամբ ֆիլմից ավելի բարձր լինի»։

«Ես Սանտա Կլաուսի պես քաշ եմ ավելացնում։ Գիրացող որովայնս հաճախ է ինձ անհանգստացնում»։

«Ինձ համար օրինակելի եւ հմայիչ է այն մարդը, որը չի ցանկանում հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում»։

«Ես ոչինչ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին: Դա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում: Հարկավոր է ուշադրություն դարձնել դրան, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»:

«Թուրքիան մինչ օրս էլ ռազմավարական նշանակություն ունի, ու այդ պատճառով՝ ոչ մի գործող ԱՄՆ նախագահ չի արտաբերում «ցեղասպանություն» բառը: Իրականում մենք սկսել ենք ավելի շատ խոսել եւ այն ցեղասպանություն կոչել, եւ հուսով եմ՝ դա ամոքում կբերի»:

«Ես միշտ եւ ամենուր մութ կողմեր եմ փնտրում»:

Լուսանկարները՝ Los Angeles Times, The Promise



© NEWS.am STYLE