«Առաջվա Սեդան այսօրվա Սեդայից շատ է տարբերվում». Սեդա Շահնազարյանը՝ կոմայի մեջ հայտնվելու պատճառի եւ նոր կյանքի մասին

15:25   31 հունվարի, 2019

Փոքրամարմին եւ նրբակազմ այս աղջիկը նախորդ տարվա երկրորդ կեսին հայտնվեց հանրության անհանգստության կենտրոնում, երբ համացանցում հայտնվեցին լուրեր այն մասին, որ 18-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանը կոմայի մեջ է ու նրան օգնություն է անհրաժեշտ: Շատերը շտապեցին օգնության ձեռք մեկնել երիտասարդ աղջկան, որն էլ այդ սիրո եւ աջակցության շնորհիվ ուժ գտավ իր մեջ, բացեց աչքերն ու կյանքին սկսեց նայել այլ գույներով:

Այսօր, երբ Սեդան արդեն կազդուրված է, շարունակում է ապրել իր բնականոն կյանքով՝ աշխատել, սովորել եւ գնահատել կյանքի ամեն մի վայրկյանը:

NEWS.am STYLE-ը զրուցել է «Ուրիշի հոգին» սերիալից եւ «Անուղղելիները» սիթքոմից հայտնի դերասանուհու հետ անցյալում մնացած դժվարության եւ նոր զգացողությունների մասին:

Սեդա, յուրաքանչյուր տարեսկզբին բոլորս ծրագրեր ենք կազմում, ասում, որ նոր կյանք ենք սկսել: Դու առավել, քան շատերը, այս տարի կարող ես ասել, որ քեզ համար, իսկապես, նոր կյանք է սկսվել: Առաջվա Սեդան ու այսօրվա Սեդան, շա՞տ են տարբերվում միմյանցից: Ի՞նչ փոփոխություններ ես նկատել քո ներսում:

Իսկապես, առաջվա Սեդան այսօրվա Սեդայից շատ է տարբերվում: Սկսել եմ ավելի հանդուրժող լինել, չբռնկվել ու հստակ քայլերով իմ նպատակներին հասնել: Կարող եմ ասել, որ բնավորությունս ձեւավորվել է ու այսօր ավելի կայացած եմ:

Քո թույլտվությամբ՝ անդրադառնանք կյանքիդ ամենադժվար շրջանին, երբ մոտ երկու ամիս կոմայի մեջ էիր: Բնականաբար, մարդիկ խոսում էին պատճառների մասին, տարբեր վարկածներ էին առաջ բերում: Ի՞նչ էր կատարվել իրականում:

Մայիս ամսին եմ հայտնվել կոմայի մեջ: Իրական պատճառը սննդային թունավորումն էր: Իսկապես, շատ վարկածներ կային դրա հետ կապված, որոնցից շատերը հասնում էին աբսուրդի աստիճանի՝ ինքնասպանության փորձից սկսած, մինչեւ այլ անհեթեթ վարկածներ: Այնքան ցածր խոսակցություններ էին, որոնք չեմ էլ ցանկանում մեկնաբանել:

Երբ արթնացար, առաջինն ո՞ւմ տեսար: Ի՞նչ ցանկացար անել առաջնահերթ:

Առաջինը տեսա նախկին ընկերոջս մայրիկին: Ուզում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչու էին բոլորը կողքիս լաց լինում՝ ասելով, որ արդեն ամեն ինչ անցյալում է: Չէի հասկանում՝ ինչն էր անցյալում…

Չէի՞ր հիշում՝ ինչ էր կատարվել քեզ հետ, ինչու էիր հայտնվել հիվանդանոցում

Սկզբում, բնականաբար, ոչինչ չէի հիշում: Նույնիսկ, ինձ շատ հարազատ մարդկանց չէի մտաբերում, հետո աստիճանաբար ամեն ինչ իր տեղն ընկավ:

Մենք դժվարություններից հետո ենք սկսում արժեքավորել կյանքը: Հիմա կյանքի հանդեպ ավելի ուշադի՞ր ես դարձել: Փոխվե՞լ է կյանքի իմաստը:

Կյանքին լրիվ ուրիշ աչքերով եմ նայում, գնահատում եմ ժամանակս ու փորձում եմ այն չծախսել անիմստ մարդկանց ու զբաղվածության վրա: Կյանքիս իմաստը փոխվել է: Եթե այն ժամանակ կարող էին լինել այլ մարդիկ, հիմա միայն ես եմ եւ իմ ընտանիքը (ժպտում է):

Ովքե՞ր են եղել կողքիդ դժվարին կացության ժամանակ: Գիտեմ, որ գործընկերներիցդ շատերը աջակցեցին քեզ

Գործընկերներս բոլորն էլ մեկ մարդու պես եղել են կողքիս, բայց հատկապես կուզեմ առանձնացնել Ելենա Բորիսենկոյին: Բացի գործընկերներիցս՝ կողքիս են եղել նաեւ այնպիսի մարդիկ, որոնց ներկայության մասին չէի էլ կարող մտածել, եւ հակառակը՝ կողքիս չեն եղել այնպիսի հարազատ մարդիկ, որ կրկին մտքովս չէր անցնի…

Գիտեմ նաեւ, որ ապաքինվելուց հետո մայրիկդ քեզ շնիկ է նվիրել, որը տիրոջ կարիք ուներ… Ինչպե՞ս ես նրան անվանել: Քեզ համար ի՞նչ խորհուրդ ունի այդ շնիկը:

Այո, նոր էի աչքերս բացել, երբ մայրս եկավ ինձ մոտ՝ վերակենդանացման բաժանմունք եւ ասաց, որ ցանկանում է շնիկ որդեգրենք: Շատ ուրախացա,  որովհետեւ գիտեի, որ մարդիկ օգնել են ինձ, երբ ես ունեի դրա կարիքը, ու ես էլ նույն կերպ կարող էի օգնել այդ անօգնական շանը, որի անունը Լյուսի եմ դրել:

Վերականգնվելուց հետո շարունակե՞լ ես նկարահանվել նախագծերում: Առաջարկներ կա՞ն:

Չեմ ստի՝ դեռեւս առաջարկ չկա, բայց հետագայում անպայման կշարունակեմ նկարահանումները:

Հետեւելով քո Instagram-ի էջին՝ նկատում եմ, որ միշտ սիրով պատասխանում ես երկրպագուներիդ ցանկացած հարցի՝ թե անձնականի, թե առողջականի, թե աշխատանքի մասին: Հետեւորդներիդ հետ ամեն հարցո՞ւմ ես անկեղծ:

Այո, ես սիրում եմ շփվել իմ հետեւորդների հետ: Հաճախ եմ ուղիղ եթերներ անում եւ պատասխանում նրանց հարցերին: Ամեն ինչ անկեղծ է, եթե ինչ-որ հարցում պետք է ստեմ, ուրեմն ընդհանրապես չեմ պատասխանում այդ հարցին: Սիրում եմ նրանց տալ այն, ինչ իրենք են ինձ տալիս: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորահակալություն հայտնել իմ բոլոր հետեւորդներին:

Սեդա, նախկինում անձնականդ ավելի բաց էիր պահում: Այսօր որոշ բացահայտումներ կանե՞ս:

Ընտրյալ չունեմ ու մոտ ապագայում պատրաստվում եմ ավելի շատ դասերովս ու աշխատանքովս զբաղվել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սեդա Շահնազարյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE