«Բոհեմական ռապսոդիա»-ի` մանկապղծության մեջ մեղադրվող ռեժիսորը կարող է մի քանի տասնյակ մլն դոլար ստանալ

14:11   1 փետրվարի, 2019

«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերը, ում մեղադրում են մանկապղծության մեջ, կարող է ավելի քան 40 մլն դոլար ստանալ ֆիլմի համար, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող կենսագրական ֆիլմը վարձույթում 817 մլն դոլար է վաստակել։ Ամսագրի աղբյուրները նշում են, որ ըստ պայմանագրի՝ Սինգերը կարող է մեծ հոնորար ստանալ, թեեւ նրան հեռացրել էին։

Հիշեցնենք՝ ռեժիսորին նկարահանման հրապարակից հեռացրել էին՝ պատճառաբանելով պարբերական բացակայությունը։ Սակայն խոսվում էր նաեւ այն մասին, որ ղեկավարությունն իմացել է սկանդալային պատմության մասին։ Սինգերը ամեն բան պատճառաբանեց մոր հիվանդությամբ։

«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը հավակնում է «Օսկար» մրցանակի 5 անվանակարգում, իսկ գլխավոր դերակատար Ռամի Մալեքն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։  

Հունվարի 23-ին հայտնի է դարձել, որ չորս տղամարդ ռեժիսորին մեղադրել է մանկապղծության մեջ։ 2017թ.-ին Սինգերի դեմ դատարան է դիմել Սիեթլի բնակիչ Սեզար Սանչեզ-Գուզմանը, ով հայտարարել է 2003թ.-ին տեղի ունեցած բռնաբարության մասին։ 2014թ.-ին ռեժիսորին համանման մեղադրանք է առաջադրել Մայքլ Իգանը, ով պնդել է, որ իրեն բռնաբարել են 17 տարեկան հասակում։

Լուսանկարները՝ Hollywood reporter, Okino.ua



© NEWS.am STYLE