Հայտնի հայուհիներ, որոնք իրենց ազդեցությունն են թողել հայ աղջիկների ոճի վրա (ֆոտո)

14:55   1 փետրվարի, 2019

Փողոցում քայլելիս հաճախ տեսնում ենք աղջիկների, որոնք իրենց արտաքինով եւ ոճով մեզ բավականին ծանոթ եւ հարազատ են թվում: Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե տվյալ աղջկան էլի ես հանդիպել մի որեւիցե վայրում: Բայց այդ տպավորությունը հաճախ խաբկանք է լինում, որը ստեղծվում է եթերային մարդկանց ազդեցությունից:

Գաղտնիք չէ, որ շատ մարդկանց ոճի վրա (որքան էլ շատերը չընդունեն) մեծ ազդդցություն է թողնում հեռուստատեսությունը, մեր օրերում`ավելի հաճախ համացանցը, որոնց միջոցով էլ տեսնում ենք, թե ինչպես են հագնվում հայտնիները, որոնցից շատերի ոճն այնքան ճաշակով եւ յուրահատուկ է թվում, որ ենթագիտակցորեն որոշ տարրեր ընդօրինակում ենք մեր սեփական ոճում:

NEWS.am STYLE-ը մտաբերել է 5 հայտնի հայուհիների, որոնց ոճը որոշակիորեն արտացոլվում է նաեւ շատ ու շատ հայ աղջիկների առօրյա կերպարներում:

Սիրուշո

Գաղտնիք չէ, որ այս երգչուհին հայկական շոու-բիզնեսում ամենաոճայիններից է: Կար ժամանակ, երբ հայուհիներն իրենց սանրվածքն ու մազերի երանգները փոխում էին անմիջապես Սիրուշոյի հերթական ոճափոխությունից հետո: Այնուհետեւ երգչուհին որոշեց թողարկել ազգային զարդեր` դրանք համադրելով առօրյա հագուստի հետ, որից հետո ազգայինը կրկին ձեռք բերեց արդիականություն շատ աղջիկների առօրյա կերպարներում:

Լիլիթ Հովհաննիսյան

Հիշո՞ւմ եք Լիլիթ Հովհաննիսյանի ստեղծագործական առաջին քայլերը: «Հայ սուպերսթար»-ում հայտնված փոքրամարմին երգչուհին շատերին գրավեց իր յուրահատուկ սանրվածքով եւ ակնոցով, որն էլ ավելի անմեղ ու նուրբ տեսք էր հաղորդում Լիլիթի դեմքին: Այդ շրջանում Երեւանի փողոցներում էլ ավելացան փարթամ սանրվածքով սեւահերներ, որոնք անկախ տեսողական խնդիրներից` կրում էին օպտիկական էֆեկտ ունեցող ակնոցներ: Անցան տարիներ... Լիլիթը փոխեց իր ոճը, Երեւանում էլ կարծես, թե կրճատվեց ակնոցավոր ու փարթամ սանրվածքով աղջիկների թիվը:

Քիմ Քարդաշյան

Դուրս եկեք փողոց: Ամեն երրորդ հայուհին, ասես, Քարդաշյանների ընտանիքի քույրերից մեկը լինի: Քիմի բրոնզագույն մաշկը, սեւ վարսերը, անթերի «սմոքի այս»-ն ու մարմինն ընդգրկող զգեստները ոգեշնչել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Հայաստանում բնակվող շատ կանանց ու աղջիկների:

Արփի Գաբրիելյան

Շատ աղջիկներ սկսել են Արփի Գաբրիելյանին հիշեցնել շութերի կառուցվածքով եւ Արփիի նախընտրած «նյուդ» դիմահարդարմամբ: Ի դեպ, հատուկ իր երկրպագուհիների համար դերասանուհի-երգչուհին թողարկել է բրենդային շրթներկի երկու երանգներ:

Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանի երկար վարսերն ու դասական ոճը տարիներ շարունակ դարձել են նրա այցեքարտը: Բնական է` շատերն են ցանկանում կրկնօրինակել նրա ոճն ու ճաշակով կերպարները, եւ որ ամենակարեւորն է` Նազենին վաղուց կոտրել է այն կարծրատիպը, որ գեղեցիկ կինը չպետք է լինի խելացի: Այնպես որ, նրա ոճը կրկնօրինակելիս այս փաստը եւս հաշվի առեք:)

Լուսանկարները` հայտնիների Instagram-ի էջերից



© NEWS.am STYLE