Լիզ Ավետիսյան. 20-ամյա հայուհին, որը մարմնին ունի 27 դաջվածք (ֆոտո)

15:31   2 փետրվարի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել արտասովոր նախասիրություններ ունեցող մեր հայրենակիցներին: Նրանցից է, օրինակ, 20-ամյա Լիզ Ավետիսյանը, որն իր մարմնի վրա արդեն ունի 27 դաջվածք: Մասնագիտությամբ նկարչուհի Լիզը, բնականաբար, փողոցում հաճախ է հանդիպում իրեն նայող քննադատական հայացքներ, սակայն հայուհին չի վախենում տարբերվել իր այդ նախասիրությամբ, ավելին՝ դեռ մտադիր է ավելացնել իր դաջվածքների թիվը: Լիզը մեզ պատմել է, թե ինչպես է սկսել հետաքրքրվել դաջվածքներով եւ մարմնի քանի տոկոսն է մտադիր պատել տարբեր խորհուրդներ ունեցող պատկերներով.

«Իրականում ես շատ փոքր տարիքից սեր եմ ունեցել տատուների հանդեպ, նաեւ՝ փիրսինգների: Իմ ընտանիքում բոլորը արվեստագետ են ու նկարիչ, ու օրինակ՝ մայրիկս ունի բավականին շատ դաջվածքներ: Ես փոքրուց ուզում էի ինքս տատու անել ուրիշների ու ինձ վրա ... Առաջին դաջվածքս արել եմ 15 տարեկանում՝ մայրիկիս ներկայությամբ: Դաջողը իմ ու մայրիկիս ընկերներից էր, ու իրականում եկել էր մայրիկիս տատու անելու: Հետո երկուսով մայրիկիս համոզում էինք, որ ինձ էլ անի ... Այդ ժամանակ ես հիփսթեր էի ու ըստ դրա արել եմ եռանկյուն եռանկյան մեջ, որը լուրջ իմաստ չունի, բայց ցավոք միշտ մասոնների բուրգի հետ են շփոթում, ինչը շատ նյարդայնացնող է: Այս պահի դրությամբ ունեմ 27 դաջվածք»:

Լիզն արդեն սովորել է, որ փողոցում իրեն պետք  նայեն քննադատող հայացքներով, բայց հայուհին չի նեղսրտում դրանից: Աղջիկն ասում է՝ դեռ ոչ մի դաջվածքի համար չի փոշմանել, իսկ դրանցից շատերի իմաստն ու նշանակությունը միայն իրեն են հայտնի.

«Բոլորին չեմ կարող բացատրել, ուրիշ բացատրություններ եմ տալիս.... Իմ կարծիքով՝ ցանկացած պատկեր, երբ քո մարմնի վրա դաջում ես, այն լիովին քոնն է դառնում եւ քո ուզած իմաստով: Իմ դաջվածքները հիմնականում միստիկայի եւ մագիայի մասին են....Մարմնիս 70 %-ը պատրաստվում եմ դաջել դեռ նույն թեմայով»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիզ Ավետիսյանը



© NEWS.am STYLE