Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. «Իմ արքայազնը հայտնվեց»

23:05   14 հունիսի, 2013

Շտապեմ պատմել ուրախությանս մասին. գտել եմ իմ երազանքի տղամարդուն: Ճիշտ է, այդ մասին նա առայժմ չգիտի:

Արդեն պատմել եմ, որ արտասահմանյան ընկերությունում եմ աշխատում: Այսպես ահա, մեզ մոտ Անգլիայից նոր աշխատակից է եկել: Նրա անունը Ջոն է, կանաչ աչքեր եւ առնական կազմվածք ունի: Բայց ամենակարեւորը նրա ժպիտն է: Այն ինձ նվաճեց առաջին հայացքից:

Արդեն 3 օր է՝ կողք կողքի ենք աշխատում: Գրասենյակում հանդիպում ենք, կատակներ փոխանակում: Բայց ես անընդհատ վախենում եմ հարցնել, արդյո՞ք ընտանիք ունի:

Հարկավոր է անցնել կադրերի բաժին, նրա անձնական գործում ուսումնասիրել տվյալները: Իսկ հետո արդեն գործի կանցնեմ, եթե հնարավոր լինի: Չէ՞ որ չեմ ցանկանում կործանել ինչ-որ մեկի ընտանիքը:

Իսկ մինչ այդ, ավելի ու ավելի եմ սիրահարվում: Չէի էլ կարծում, որ ընդունակ եմ դրան: Հիշեք, թե ինչպես էի Նրան փնտրում ակումբներում, փաբերում, փողոցներում: Իսկ հիմա ինձ համար էլ ծիծաղելի է: Նրան գտա քթիս տակ: Ավելի ճիշտ՝ ինքն ինձ գտավ:

Ողջո՛ւյն, իմ արքայազն: Սկսում եմ նվաճել քեզ…

Լիլիթ



© NEWS.am STYLE