Լավ մոռացված հինը. ոչինչ չարժի փոխել. «Պարոն Ճակատագիր»

20:33   5 փետրվարի, 2019

Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը ոչ մեկ անգամ է մտածել այն մասին, որ եթե ժամանակին անցյալում ինչ-որ բան այլ կերպ աներ, ապա իր կյանքը միանգամայն ուրիշ կերպ կդասավորվեր:

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում 1990 թվականի կատակերգական ժանրի «Պարոն Ճակատագիր» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Օրրը, իսկ գլխավոր դերերում փայլում են Հոլիվուդի հեղինակություններ Ջեյմս Բելուշին, Լինդա Հեմիլթոնը, Մայքլ Քեյնը, Ռենե Ռուսոն եւ Ջոն Լովիթցը:

Գլխավոր հերոս Լարրի Բերոուզը (Ջեյմս Բելուշի) ամենասովորական կյանքով է ապրում. նա մշտապես դառնությամբ է հիշում իր նախկին բեյսբոլյան հանդիպման մասին, որի ժամանակ չէր կարողացել գնդակը հետ մղել: Նա երազում էր միանգամայն այլ կյանքի մասին, որը շատ ավելի լավը կլիներ այն կյանքից, որով ապրում էր:

Եվ երբ իր ծննդյան օրը Լարրիի մեքենան փչանում է, նա հայտնվում է բարում: Այնտեղ տարեց բարմեն Մայքը (Մայքլ Քեյն) լսում է նրա «տարաբախտ» պատմությունը չստացված կյանքի մասին եւ առաջարկում խմել արտասովոր խմիչք: Այն պահից, երբ Լարրին բարից դուրս է գալիս, նրա ճակատագիրը լիովին փոխվում է ՝ գեղեցկուհի կին, շքեղ տուն, զիլ ավտոմեքենաներով լեցուն ավտոտնակ եւ ընկերության նախագահի պաշտոն:

Ֆիլմը մեզ հասկացնում է, որ չի կարելի անցյալի համար ափսոսել կամ, որն ավելի վատ է, անցյալը դարձնել իր ներկայի մեղավորը: Այն, ինչ ունենք, մենք պետք է աչքի լույսի պես փայփայենք եւ պահպանենք:

«Ճակատագիրը» միանգամայն հարաբերական բան է եւ դատավճիռ չէ: Կինոնկարը այն բանի հրաշալի ըմբռնումն է փոխանցում, որ մենք եւ միմիայն մենք ենք ընտրում սեփական ճակատագիրը: Անցյալը հենց այն պատճառով է անցյալ, որ անցել է (կներեք տավտոլոգիայի համար):

Ջեյմս Բելուշին այնքան լավ է կատարում դերը, որ անհնար է բառերով նկարագրել: Նա հոյակապ է ներկայացնում մարդուն, որը չի մտածում այն մասին, թե ինչ ունի հիմա: Իսկ ստանալով այն, ինչ ցանկանում է, Բելուշին լավագույնս ցույց է տալիս, որ մարդիկ հակված են ավելի շատ տեսնելու այն, ինչը ցանկանում են, այլ ոչ այն, ինչը նրանց պետք է: Մի խոսքով, ինչը ունենք, չենք պահպանում, կորցնելու դեպքում լալիս ենք:

Բարմենի դերում Մայքլ Քեյնն ուղղակի սքանչելի է: Նրա խայթող արտահայտությունները, բարոյական խրատները պաթոսից միանգամայն զուրկ են. դրանք հասկանալի են յուրաքանչյուրին:

Չեմ կարող չնշել նաեւ Լարրիի երկու կանանց (տարբեր կյանքերում)՝ Լինդա Հեմիլթոնի եւ Ռենե Ռուսոյի կատարմամբ: Երկուսն էլ շքեղ են եւ մարմնավորում են կատարյալ կնոջ կերպարը, բայց տարբեր իրականություններում:

«Պարոն Ճակատագիրը» շատ հոգեկից կատակերգություն է, լեցուն բարի հումորով եւ իր մեջ խորը, հրաշալի իմաստ կրելով: Կարելի է դիտել ցանկացած ձեւաչափով՝ ընկերների, ընտանիքի հետ, միայնակ: Հավատացեք, աննշան հիաստափություն իսկ չեք ունենա:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE