Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան անապահով ընտանիքների

14:05   5 փետրվարի, 2019

«System Of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կնոջ՝ Անժելա Թանկյանի հետ օգնություն է ցուցաբերել հայաստանյան անապահով ընտանիքների, հայտնում է «Օրրան» կազմակերպությունը։

«Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ եւ «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» եւ «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը։

«Հերթական բարեգործությունն իրականացվեց 2018-19 թթ. ձմռանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի` ավելի քան 200 անապահով ընտանիքներ ներառվեցին սննդամթերքով ապահովման եռամսյա ծրագրում:

Թանկյան ընտանիքը տարիներ շարունակ եղել է այն հայ ընտանիքների կողքին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են դժվար իրավիճակում՝ անգնահատելի և երախտագիտության արժանի աջակցություն ցուցաբերելով նրանց»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։



© NEWS.am STYLE