«Մի շահիր աշխարհը՝ հոգիդ ուրանալով». 74 տարի առաջ այս օրը ծնվել է Բոբ Մառլին

15:05   6 փետրվարի, 2019

74 տարի առաջ այս օրը` փետրվարի 6-ին, ծնվել է ճամայկացի երաժիշտ եւ կոմպոզիտոր Բոբ Մառլին: Նա համարվում է ռեգգի ժանրի ամենահայտնի կատարողը: Հենց Բոբի շնորհիվ ռեգգին մեծ ճանաչում ձեռք բերեց եւ լայն տարածում գտավ Ճամայկայում եւ դրա սահմաններից դուրս:

Բոբ Մառլին ռաստա կոչվող կրոնական շարժման հետեւորդ էր: Շատերը նրան առաջնորդ էին համարում: Հենց իր հավատքի շնորհիվ էլ Բոբը հրաժարվեց ոտքի բութ մատի ամպուտացիայից, երբ նրա մոտ հայտնաբերեցին մելանոմա:

«Ռաստան դեմ է մարմնի որեւէ հատվածի հատմանը: Ես թույլ չեմ տա, որ ինձ մասնատեն»,-ասում էր նա:

Բոբը երկար էր բուժվում հիվանդությունից, սակայն 1981 թ-ին նա մահացավ հիվանդանոցում: Նրա վերջին խոսքերն էին. «Փողը չի կարող գնել կյանք»:

Ներկայացնում ենք աշխարհահռչակ ռեգգի երաժիշտի մտքերից եւս մի քանիսը.

«Այսօրվա ուրախ պահերը վաղվա տխրության մտքերն են դառնալու»:

«Երաժշտության գլխավոր առավելությունն այն է, որ երբ այն քեզ հարվածում է, ոչ մի ցավ չես զգում»:

«Ճշմարտությունն այն է, որ բոլորն էլ քեզ նեղացնելու են, պարզապես պետք է գտնես նրանց, որոնց համար արժե տառապել»:

«Մի շահիր աշխարհը՝ հոգիդ ուրանալով: Իմաստությունը ոսկուց եւ արծաթից թանկ է»:

«Ես կրթություն չունեմ, բայց ես ունեմ ոգեշնչում: Եթե ես ուսում ստացած լինեի, շատ ձանձրալի կլինեի»:

«Ամենապայծառ ապագայի ժամանակ էլ չմոռանաս անցյալդ»:

«Միայն մենք կարող ենք ազատել մեր մտքերը»:

«Բոբ Մառլին իմ անունը չէ, ես մինչեւ հիմա չգիտեմ իմ իրական անունը»:

«Մարդն ինքն իր տիեզերքն է»:

«Աստված է ինձ ուղարկել այս աշխարհ, Նա ուղարկել է, որ ես մի բան անեմ: Ոչ ոք ինձ չի կարող կանգնեցնել: Եթե Աստված կամենա ինձ կանգնեցնել, ես միայն այդ ժամանակ կկանգնեմ: Իսկ մարդիկ երբեք չեն կարող կանգնեցնել…»:



© NEWS.am STYLE