«Այն շատ մեծ կապ ունի հոգեվիճակիս հետ». Օլյա Հակոբյանի նոր դաջվածքը, դրա խորհուրդն ու համարձակ ֆոտոշարքը

14:25   7 փետրվարի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանն օրերս իր արտաքինում նոր փոփոխություն է կատարել, որն ունի հստակ սիմվոլիկա: Օլյան մեջքի հատվածում ձեռք է բերել իր առաջին դաջվածքը, որն ներկայացնում է տարբեր սիմվոլիկ պատկերներ, այդ թվում՝ լոտոս ես մանդալա: NEWS.am STYLE-ին դերասանուհին տրամադրել է դաջվածքով իր առաջին ֆոտոշարքն ու խոսել մարմնին հայտնված խորհրդանիշների եւ իր նոր հոգեվիճակի մասին, որն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի ունենա դաջվածք:

Օլյան համաձայն է, որ յուրաքանչյուր արտաքին փոփոխություն կապված է մարդու ներքին փոփոխության հետ.

«Այո, միանշանակ, այն շատ մեծ կապ ունի հոգեվիճակիս հետ: Այն իմ այժմյան հանդարտ, հանգիստ վիճակի, դրական ինքնազգացողության արտացոլանքն է: Շատ սիրեցի դաջվածքս»,-ասում է դերասանուհին՝ բացահայտելով դաջվածքի խորհուրդը.

«Սա ուղղակի գեղեցիկ նկար չէ, պատկերներից յուրաքանչյուրն ունի իր սիմվոլիկան: Լոտոս ծաղիկը կյանքի, վերածնունդի, կատարյալի ու գեղեցիկի խորհրդանիշն է: Այն ծաղկում է տիղմի մեջ, բայց կատարյալ է: Կա նաեւ առողջության սիմվոլը եւ մանդալան, որն իմ դեպքում խորհրդանշում է սեր եւ երջանկություն»:

Օլյան խոստովանում է՝ այնքան էլ հեշտ չի հարմարվել ամբողջ գործընթացին.

«Դաջվածքս արել եմ մոտ տասն օր առաջ: Ընթացքին դժվար էր դիմանալը, բայց վարպետս՝ Էդգար Սարգսյանը, շատ պրոֆեսիոնալ է, ինչի համար շնորհակալ եմ նրան»:

Դաջվածք ունենալու ցանկություն Օլյան վաղուց ուներ, իսկ հարցին՝ արդյոք համակարծի՞ք է, որ նա, ով մեկ անգամ մարմին դաջվածք է անում, հետագայում մտածում է նոր պատկերներ ունենալու մասին, դերասանուհին պատասխանեց.

«Արդեն երեք տարի է՝ ցանկանում էի դաջվածք ունենալ, բայց վերջապես եկավ հոգեկան այն վիճակը, երբ առանց երկար մտածելու գիտեի՝ ինչ պետք է լինի ինձ վրա: Երբ գործը վերջացրինք, այնքան էլ հոգնել, որ արդյունքին չէի ցանկանում նայել, հետո արթնացա, նայեցի ու սիրահարվեցի: Հիմա արդեն երկու միտք էլ ունեմ: Փաստորեն ճիշտ են ասում (ծիծաղում է)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նիկո Նասիբյան



© NEWS.am STYLE