Մանկապղծության մեղադրանքներից հետո «Բոհեմական ռապսոդիա»-ի ռեժիսորին հեռացրել են BAFTA-ի հավակնորդների ցանկից

18:14   7 փետրվարի, 2019

Բրիտանական կինոակադեմիան BAFTA մրցանակի հավակնորդների ցանկից հանել է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի 53-ամյա ռեժիսոր Բրայան Սինգերին։ Պատճառը տղաների բռնաբարելու մեղադրանքներն են։  

Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որում խոսվում է սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո ռեժիսորի անունը հավակնորդների ցանկից հեռացնելու մասին։ «Բոհեմական ռապսոդիա»-ն նոմինացված էր «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում. ֆիլմը շարունակում է մնալ այդ անվանակարգում, բայց առանց ռեժիսորի անվան։

«Հաշվի առնելով լուրջ մեղադրանքները՝ BAFTA-ն Բրայան Սինգերին տեղեկացրել է, որ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար նրա առաջադրումը չեղարկված է այդ պահից»,- ասված է հայտարարության մեջ։  

BAFTA մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին։ Այս մրցանակը հանձնվում է մյուս երկու մրցանակների՝ «Ոսկե գլոբուս»-ի եւ «Օսկար»-ի  միջեւ ընկած ժամանակամիջոցում։ Սկանդալը բարձրացել է «Օսկար» մրցանակաբաշխության հանձնումից առաջ. «Բոհեմանական  ռապսոդիան» նոմինացված է 5 անվանակարգում։ Սակայն ռեժիսորը ժխտում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Մեկ ամիս առաջ հրապարակվել էր հոդվածը, որը պատմում էր Սինգերի ենթադրյալ զոհերի մասին։



© NEWS.am STYLE