Gucci-ն վաճառքից հանել է յուրօրինակ սվիտերը ռասիզմի մեղադրանքների պատճառով  

14:36   8 փետրվարի, 2019

Gucci-ն, որն աշխարհի ամենահայտնի ապրանքանիշն է, վաճառքից հանում է սվիտերը, որի պատճառով ապրանքանիշին մեղադրել են ռասիզմի մեջ։ Այն ներառված էր 2018թ.-ի աշուն-ձմեռ հավաքածուում։ Խնդիրն օձիքն է. այն փակում է դեմքի մի մասը։ Twitter-ի օգտատերերը նմանություն են գտել «բլեքֆեյսի» հետ՝ գրիմի տեխնիկա, որը 20-րդ դարում հումորիստներն օգտագործում էին սեւամորթների ծաղրական կերպարներ ստեղծելու համար։

Մեղադրանքներից հետո Gucci-ն ստիպված է եղել սվիտերը հանել վաճառքից եւ պաշտոնապես ներողություն խնդրել. «Կարծում ենք, որ բազմազանությունը հիմնական արժեք է, որին պետք է հավատարիմ մնանք եւ որը պետք է հարգենք մեր ցանկացած որոշման մեջ։ Փորձում ենք բազմազանություն պահպանել մեր կազմակերպությունում եւ հույս ունենք, որ այս միջադեպը կարեւոր դաս կլինի Gucci-ի ամբողջ թիմի եւ առհասարակ մարդկանց համար»։

Սվիտերը հնարավոր էր ձեռք բերել 890 դոլարով, սակայն ապրանքանիշն արձագանքել է մարդկանց զայրութին, ներողություն խնդրել «իրավախախտման համար» եւ արդեն մի քանի ժամ անց հայտարերել այն վաճառքից հանելու մասին։

Ընդամենը շաբաթներ առաջ նման սկանդալում էր հայտնվել նաեւ Prada նորաձեւության տունը։ Նրանց մեղադրում էին ռասիզմի մեջ կապիկի տեսքով կախազարդի պատճառով։

Աղբյուրը՝ The Guardian



© NEWS.am STYLE