«Խորհուրդ ենք տալիս դիտել»: «Փախուստ»․ վազի՛ր Մայքլ, վազի՛ր

20:32   10 փետրվարի, 2019

Այսօր NEWS.am STYLE-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում սերիալ, որը հեռուստադիտողին ստիպել է հիանալ մարդկային խելքով եւ հնարամտությամբ շատ ավելի վաղ, քան ցուցադրվել է բրիտանական «Շերլոկը»։ Խոսքը դրամա, մարտաֆիլ, դետեկտիվ ժանրի սերիալ՝ «Փախուստի» մասին է ( Prison Break)։

Սերիալը ցուցադրվել է 2005թ․-ից 2017թ․-ը՝ Fox հեռուստաընկերությամբ։ Սկզբում եղել է չորս հիմնական եթերաշրջան եւ էկրանավորված ֆիլմ՝ «Վերջնական փախուստ» անվամբ։ Այն 4-րդ եթերաշրջանի վերջին երկու սերիաների ամբողջական տարբերկն էր։

2017թ․-ին սերիալը վերադարձավ եթեր՝ կրճատված 5-րդ եթերաշրջանով, որը բաղկացած էր 9 սերայից, իսկ 2018թ․-ին Fox-ն անոնսեց 6-րդը։

«Փախուստի» շոուրաներ եւ ստեղծող Փոլ Շոյրինգը, գլխավոր դերերի համար ընտրել էր Դոմինիկ Փուրսելին ու Ուենտուորթ Միլերին։

Սերիալը պատմում է երկու եղբայրների մասին։ Նրանցից մեկին Լինքոլնին սպանության համար բանտ են նստացրել, սակայն փոքր եղբայրը՝ Մայքլը չի հավատում, որ եղբայրը մեղավոր է։ Հասկանալով, որ եղբորն օրինական ճանապարհով բանտից ազատելն անհնար է, նա բեմադրում է բանկի կողոպուտ, որպեսզի նրան նույնպս բանտ նստեցնեն հենց նույն բանտ, որտեղ Լինքոլն է։ Գրավիչն այն է, որ Մայքլը հանճար է եւ հենց նա է նախագծել այդ բանտը։

Ես շատ լավ հիշում այն օրը, երբ առաջին անգամ դիտեցի այս գլուխգործոցը։ Ուշ գիշեր էր, ինձ կանչեց մեծ եղբայրս․ ասաց, որ հիանալի ֆիլմի սկավառակ է գնել։

Մենք հիացած էինք եւ անգամ չնկատեցինք, թե ինչպես բացվեց լույսը։

 «Փախուսը» մինչեւ հիմա սցենարական առումով կարելի է համարել գլուխգործոց (հատկապես առաջին երկու եթերաշրջանները)։ Հանդիսատեսը չի կարող չհիանալ այս շոուով․ անհնարին թվացող ստեղծագործական հիմնական կոնցեպցիան համադրված է ավելի քան ռեալ սյուժեին։ Մենք հնարավորություն ունենք տեսնել, թե որքան անսահման կարող է լինել սովորական, խելացի մարդու պոտենցիալը։

Սցենարն իհարկե, լավն է, սակայն դերասանական հիանալի խաղը ֆիլմն ավելի լավն է դարձնում։

Ուենտուորթ Միլերը հիանալի կերտել է Մայքլ Սքոֆիլդի դերը։ Ես հիշում եմ, թե ինչպես էին աղջիկները սիրահարվում նրան, իսկ տղաները՝ հիանում։ Գրավիչը նրա արտաքինի մեջ չէր․ մարդիկ հիացրել է այն, որ Մայքլն այդչափ խելացի լինելով կարողանում է օգտագործել այն։ Նա նպատակ ուներ փրկել ավագ եղբորը եւ դրա համար նա արժանացավ տղամարդ հանդիսատեսի հարգանքին։ Այն, թե որքան հիանալի է նա մշակել պլանը եւ թե ինչպես էր նա հանպատրաստից փոխում որոշակի բաներ, գերել էր կին հանդիսատեսին։

Ո՞վ է հիշում Մայքլի հայացքը, երբ նա մտածում էր։ Միլլերն այս տեսարաններում ուղղակի անկրկնելի է։ Կադրում ոչինչ չանելով ու պարզապես մտազբաղ հայացքով կանգնելով, նա մեզ հասկացնում էր, որ ուղեղում ինչ-որ հանճարեղ բան է հասունանում։

Դերասաններից ցանկանում եմ նշել նաեւ Ռոբերտ Նեփերին եւ նրա կերտած՝ Թեոդոր Բեգբել կերպարին, որն առավել հայտնի էր որպես Թի-Բեգ։ Նա այն տականք ու շակալն է, սակայն ինչպիսի խարիզմա։ Նայում եւ հասկանում ես, որ հասարակության թափթփուկն է, գրողը տանի, սակայն նրան նույնպես երկրպագում ես։ Եվ իհարկե, հանդիսատեսը սիրել է Թի-Բեգին, քանի որ նա միակն էր, որ կարողացավ շփոթեցնոլ Մայքլին։

Վերջում կնշեմ հիանալի սաունդթրեքի մասին։ Հեղինակը Ռոման Ջավադին է, որն էլ հետագայում կգրի «Գահերի խաղի» երաժշտությունը։

Հավատացեք, այս սերիալի մասին հնարավոր չէ գրել երկու բառով։ Եթե դիտել եք, վստահ եմ՝ հաճույքով կդիտեք եւս մեկ անգամ։ Եթե ոչ՝ ինչին եք սպասում։ Շտապեք։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE