Հայտնի են BAFTA-2019-ի հաղթողները

10:14   11 փետրվարի, 2019

Լոնդոնյան Royal Albert Hall-ում անցկացվել է BAFTA-2019 մրցանակաբաշխության արարողությունը, որի շրջանակներում մրցանակներ են հանձնվել բրիտանական կինոակադեմիայի վարկածով 2018թ.-ին լավագույն ֆիլմերին։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։ Այն արժանացել է նաեւ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» (Մեքսիկա), իսկ Ալֆոնսո Կուարոնը՝ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ «Ռոմա»-ն կարող է հաղթանակ տանել նաեւ տարվա գլխավոր կինոմրցանակաբաշխությանը՝ «Օսկար»-ին։

Մրցանակների քանակով լիդերը «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում հաղթած «Ֆավորիտուհի»-ն է։ Յորղոս Լանտիմոսի ֆիլմն արժանացել նաեւ «Լավագույն օրիգինալ սցենար», «Կոստյումների լավագույն դիզայն», «Լավագույն գրիմ եւ սանրվածքներ», «Բեմադրող-նկարիչների լավագույն աշխատանք» անվանակարգերում, իսկ Օլիվիա Քոլմանը եւ Ռեյչել Վայսը, ովքեր խաղացել են ֆիլմում, արժանացել են «Լավագույն դերասանուհի» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակներին։

«Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է Ռամի Մալեքը, ով «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում մարմնավորել է Ֆրեդի Մերկուրիի կերպարը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանը» «Կանաչ գիրքը» ֆիլմում խաղացած Մախերշալա Ալին է։

Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» ֆիլմի սաունդթրեքը հաղթող է ճանաչվել «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում։

Գաղտնիք չէ, որ BAFTA-ի մրցանակակիրները հաճախ արժանանում են նաեւ Ամերիկյանի կինոակադեմիայի մրցանակին. այս անգամ նախանշանը կստուգեն «Ռոմա» եւ «Ֆավորիտուհի» ֆիլմերը, ովքեր երեկոյի գլխավոր հաղթահերոսներն էին։

Դափնեկիրների ամբողջական ցանկը հրապարակված է Բրիտաական կինոակադեմիայի պաշտոնական կայքում։

 

Լուսանկարները՝ Variety



© NEWS.am STYLE