Վարսահարդարի խորհուրդները. ճյուղավորվող մազեր

15:01   16 հունիսի, 2013

Մազերի ծայրերի ճյուղավորումը վարսերի հետ կապված ամենից տհաճ խնդիրներից է: NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Լուսինե Գրիգորյանին՝ պարզելու, թե ինչպես կարելի է լուծել այն:

«Մազերի ճյուղավորված ծայրերի խնդիրը նույնքան հրատապ է, որքան մազաթափությունը: Յուրաքանչյուր խնդիր իր պատճառն ունի, եւ հարկավոր է հասկանալ, թե ինչու են մազերը ճյուղավորվում: Իհարկե, մեծ դեր է խաղում ներկումը, ինչպես նաեւ վարսահարդարիչի հաճախակի օգտագործումը: Իսկ եթե ձեր մազերը շատ բարակ են, ապա դրանց վրա կարող է ազդել նաեւ արեւը:

Ցավոք, եթե ձեր մազերը սկսել են ճյուղավորվել, ամբողջությամբ դրանք վերականգնել չեք կարող: Այդ իրավիճակից միակ ելքը մազերն ավելի հազվադեպ ներկելն ու վարսահարդարիչ օգտագործելն է: Իհարկե, ձեզանից շատերը կարող են մտածել, որ միայն անորակ ներկը կարող է նման խնդիր առաջացնել, բայց դա այդպես չէ: Ամենալավ եւ թանկարժեք ներկը նույնպես վնաս է ոչ միայն մազերի ծայրերի, այլեւ ամբողջ վարսերի համար:

Մազերն ավելի խնամքով սանրեք: Հիշեք, որ սանրը չպետք է շատ կոպիտ լինի, քանի որ այն կարող է վնասել ոչ միայն մազերի ծայրերը, այլեւ գլխամաշկը: Նաեւ մի մոռացեք, հատկապես՝ ամռանը, արեւի ազդեցության մասին: Ձեր վարսերը պաշտպանեք արեւի ուղիղ ճառագայթներից: Այդ կարելի է անել թեթեւ շարֆի կամ ամառային գլխարկի օգնությամբ:

Փորձեք նաեւ մազերը ողողել հատուկ թուրմով: Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր են.

- 2 ճաշի գդալ ուրց;

- 2 ճաշի գդալ եղինջ:

Այս ամենին ավելացնում ենք 1 լիտր ջուր եւ ամուր փակում: Սպասում ենք, մինչեւ թուրմը սառչի, հետո քամում ենք եւ մի քիչ խնձորի քացախ ավելացնում: Կարելի է նաեւ կիտրոնի հյութ ավելացնել: Այս դիմակով ողողում ենք արդեն լվացված գլուխը: Աշխատեք այս գործողությունը կրկնել շաբաթը 4-5 անգամ»:



© NEWS.am STYLE