Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը միջազգային կինոփառատոնին լավագույնն է ճանաչվել

17:28   11 փետրվարի, 2019

Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը պատմում է ավերիչ երկրաշարժի մասին, Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի ընթացքում գլխավոր մրցանակի է արժանացել։ Լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Սերժ Թանկյանը, ով ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Մոսկվայում կինոդիտման կազմակերպիչներին։

««Աշխարհի մի մասնիկը» հեռուստասերիալը եւ «Սպիտակ» ֆիլմը ճանաչվել ենն լավագույնները Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այն առաջ է անցել 7 երկրներից ներկայացված ֆիլմերից։ Ծրագրում ներկայացված են եղել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, Բելոռուսի, Չեխիայի, Իսրայելի, Լեհաստանի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքներ։

«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին գրանցված երկրաշարժի մասին, որն ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել եւ անօթեւան է թողել երկրի՝  ավելի քան կես մլն բնակչի։ Ֆիլմում նկարահանվել են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդր Պոլիտիկը և այլ ռուս եւ հայ դերասաններ:

Ավելի վաղ «Սպիտակ» ֆիլմն արժանացել է Մոսկովյան միջազգային «Սուրբ Գեորգի» մրցանակին ռեժիսուրայի համար։ Ֆիլմը ներառված է եղել նաեւ «Օսկար»-ի մեծ ցանկում։



© NEWS.am STYLE