Ջորջ եւ Ամալ Քլունիները «կկնքե՞ն» Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի երեխաներին

17:19   12 փետրվարի, 2019

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի՝ դեռեւս լույս աշխարհ չեկած երեխան հաճախ է լրատվամիջոցների հրապարակումների հերոս դառնում, թեեւ ամուսինները ձգտում են չքննարկել այդ թեման։ Դա նրանց փոխարեն անում են ընկերները։ Այս անգամ թեմայի մասին խոսել է դերասան Ջորջ Քլունին, ով հրավիրված է եղել նրանց հարսանյաց արարարողությանը։ Համացանցում նաեւ տեղեկություններ էին տարածվել, թե նա ու կինը՝ Ամալ Քլունին, Մեգանի եւ Հարիի երեխայի կնքահայրն ու կնքամայրն են լինելու։ Դերասանը, սակայն, հերքել է այդ տեղեկությունները։

 «Օ, այո՛, ես կարծես թե կնքելու եմ բրիտանական միապետների բոլոր երեխաներին։ Ոչ։ Ես երկվորյակ երեխաներ ունեմ, եւ ինձ բառացիորեն բավարարում են մանկական անակնկալները»։

Ապա Քլունին պաշտպանել է Սասեքսի դքսուհուն, ում համեմատել է արքայադուստր Դիանայի հետ:

«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել նրա վրա՝ ինչպես են անվերջ հետապնդում Մեգան Մարքլին. նրան ոչ մի վայրկյան հանգիստ չեն թողնում եւ մշտապես քննադատում են։ Մեգանը հղիության յոթերորդ ամսում է, իսկ նրան հետապնդում են օր ու գիշեր՝ կրկնելով արաքայադուստր Դիանայի պատմությունը։ Բոլորս հիշում ենք՝ ինչով դա ավարտվեց։ Ինձ համար ցավալի է տեսնել՝ ինչպես են հանրային դարձնում նրա նամակն՝ ուղղված հարազատ հորը, ապա նա հարձակումների է ենթարկվում։ Ինձ համար դա տհաճ անակնկալ էր. այդպես չի կարելի վարվել»,- ասել է դերասանը։

Աղբյուրը՝ Hello

Լուսանկարները՝ Bazaar



© NEWS.am STYLE