Թամարա Գվերդծիթելին երգել է ի հիշատակ Միշել Լեգրանի

23:06   12 փետրվարի, 2019

«Вечерний Ургант» շոուի հերթական հյուրն է եղել Թամարա Գվերդծիթելին, որը հաղորդավարի խնդրանքով համաձայնել է կատարել Միշել Լեգրանի ստեղծագործությունը, որը 86 տարեկան հասակում մահացել է հունվարի 26-ին։

Գվերդծիթելին ի հիշատակ մեծն երգահանի կատարել է «Շերբուրգյան անձրեւանոցներ» ֆիլմի օսկարակիր «Ես կսպասեմ քեզ» երգը՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ կոմպոզիտորի հիշատակին, ում հետ նա պատիվ է ունեցել բազմաթիվ անգամներ ելույթ ունենալ բեմում։

Ստուդիայում Թամարա Գվերդծիթելին պատմել է 1997թ.-ին Նյու Յորքում համատեղ համերգի մասին։ «Միշել Լեգրանի հետ համերգն էր, եւ այն մարդը, ով պատասխանատու էր լուսավորման համար, երեկոյան ժամը 8-ին որոշեց, որ համերգն ավարտվում է, անջատեց լույսն ու գնաց իր տուն՝ Բրուքլին»,- պատմել է Գվերդծիթելին։ Նա եւ Լեգրանը մնացել են մթության մեջ, բայց համերգը շարունակել են իմպրովիզ անելով։ Նա ինձ ասաց. «Վազիր, վազիր, Թամարա»։ Ես մոեցա դաշնամուրին ու վախեցած սկսեցի իմպրովիզ անել, մոտեցան երաժիշտները, եւ 12 անգամ փոխվեց տոնայնությունը»,- պատմել է Գվերդծիթելին։

Հիշեցնենք, որ Լեգրանի հայրը՝ Ռայմոն Լեգրանը երգահան է, դիրիժոր, իսկ մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի՝ նշանավոր հայ ընտանիքից։ Լեգրանը միշտ հիշել է իր հայ արմատների մասին․ «Պապիկս միշտ պատմել է հայրենիքիս մասին եւ այժմ ես այստեղ եմ, Հայաստանում։ Ցավոք սրտի շատ քիչ եմ ապրել պապիս հետ։ Ես տասը տարեկան էի, երբ նա մահացավ։ Նա շատ է պատմել իր գյուղի եւ ընտանիքի մասին։ Նա երաժիշտ էր․․․ Նվագել է ուդ», - ասում էր կոմպոզիտորը։

Գլխավոր լուսանկարը՝ 7 Дней



© NEWS.am STYLE