«Սիրուշոն նախընտրեց ներկայանալ հայկական ազգային երգով». Սիրուշոյի մենեջերը՝ երգչուհու՝ Դուբայում գրանցած հաղթանակի մասին

12:08   13 փետրվարի, 2019

Փետրվարի 8-ին Դուբայում կայացավ DIAFA ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ շնորհվեցին տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ բժշկությունից մինչեւ կինոարվեստ, սպորտ, երաժշտություն եւ այլն: Այս տարի առաջին անգամ Հայաստանը եւս ներկայացված էր տվյալ մրցանակաբաշխությանը: Իսկ մեր երկիրը Դուբայում ներկայացրել է երգչուհի Սիրուշոն՝ արժանանալով պատվավոր մրցանակի:

Երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը NEWS.am STYLE-ին պատմել է հեղինակավոր մրցույթում Հայաստանի առաջին մասնակցության, Սիրուշոյի ընտրած երգի եւ իրենց թիմի տպավորությունների մասին:

«DIAFA-ն Դուբայում կազմակերպվող ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն է: Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներկայացվեց այս հեղինակավոր մրցանակաբաշխությանը։ Ուրախալի է, որ Սիրուշոյին վստահվեց ներկայացնել մեր երկիրն ու ստանալ այդ պատվավոր մրցանակը»,-նշեց Նունեն:

Թեեւ մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց նախապատվությունը տվել էին Սիրուշոյի անգլալեզու կատարումներին, երգչուհին նախընտրել էր միջազգային բեմից կրկին հնչեցնել հայկական ազգային երգը:

«Ինչպես հայտնի է՝ Սիրուշոն իր երգերում միահյուսելով ազգային տարրերը ժամանակակից երաժշտության հետ՝ մշտապես պահպանում և տարածում է հայկական երաժշտությունն ու մշակույթը։ «Արմատ» ձայնասկավառակը այդ մոտեցման լավագույն օրինակն է։ Մրցանակաբաշխության կազմակերպիչները մեծ ցանկություն ունեին, որպեսզի հնչի Սիրուշոյի անգլալեզու հեղինակային երգերից մեկը՝ «Huh-Hah»-ն, սակայն Սիրուշոն նախընտրեց ներկայանալ հայկական ազգային երգով, այդպիսով կատարեց «Զոմա-զոմա» երգը»:

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է օտար հանդիսատեսը Սիրուշոյի ելույթի ընթացքում պարում եւ ձայնակցում նրան: Երգչուհու մենեջերի խոսքով՝ այդ պահը հուզիչ էր նաեւ իրենց համար.

«Իսկապես հուզիչ էր ու նաև հպարտության առիթ, որ Սիրուշոն կարողացավ նման տրամադրություն և լիցքեր փոխանցել բազմազգ հանդիսատեսին։ Ամբողջ դահլիճը նրա հետ հավասար երգում էր՝ «Զոմա-Զոմա, Քոմա-Քոմա»։ Ուզում եմ նշել նաև, որ DIAFA-ն հեռարձակվում էր 6 հեռուստաալիքների ուղիղ եթերում, որին հետևում էին հարյուր հազարավոր հեռուստադիտողներ»։

Սիրուշոն եւ իր թիմն արդեն հայրենիքում են եւ պատրաստ 2019-ը շարունակել նոր նախագծերով եւ շրջագայուններով: Նունեն խոսեց նաեւ այդ մասին՝ բացելով որոշ փակագծեր.

««Արմատ»-ն արդեն հասցրել է շրջել աշխարհի տարբեր երկրամասերով: Այս տարի պլանավորում ենք «Արմատ» համերգային ծրագրով շարունակել մեր շրջագայությունները, որի ընթացքում նաև նկարահանում ենք «Արմատ» նոր հաղորդաշարը»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սիրուշոյի եւ Նունեի ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE