Հայտնիները՝ Տեառնընդառաջի, խարույկի վրայով ցատկելու եւ իրենց մանկության հուշերի մասին

17:35   13 փետրվարի, 2019

Այսօր՝ փետրվարի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, որը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Տեառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին եկեղեցին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին, սակայն Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Այսօր 17:30-ին մի շարք եկեղեցիների բակում կլինի խարույկ եւ Տեառնընդառաջին նվիրված հատուկ ծիսակատարություն: Շատերդ երեւի արդեն բակում փոքրիկ խարույկ եք վառել եւ ձեռք ձեռքի բռնած պատրաստվում եք ցատկել դրա վրայով, այդպե՞ս չէ: 

NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական շոու-բիզնեսի հայտնիներից մի քանիսի՝ երգչուհի Ջուսի եւ դերասանուհիներ Անուշկա Մարգարյանի եւ Մարինա Մնացականյանի հետ՝ պարզելու, թե ինչպես ես վերաբերվում այս տոնին, սիրում են ցատկել խարույկի վրայով, թե՞ ոչ:

Ջուս. «Եթե այս արարողակարգը  դրական լիցքեր է տալիս մարդկանց, ուրեմն պարտադիր պետք է նշել այն»

«Սիրում եմ այս ծեսը, այն տրամադրություն է բարձրացնում: Ինչ-որ տեղ նման է ֆիթնեսի (ծիծաղում է): Փոքր տարիքում էլ, հիմա էլ, երբ հավաքվում ենք ընկերներիս սեփական տան բակում, անպայման խարույկ ենք ունենում: Այսօր չունեմ հրավեր, որպեսզի ցատկեմ խարույկի վրայով, բայց ունեմ ելույթ, որի ընթացքում հաստատ կնշեմ այս տոնը:

Եթե այս արարողակարգը ուրախություն է պատճառում մարդկանց, դրական լիցքեր է բերում, ուրեմն պարտադիր պետք է նշել այն»:

Անուշկա Մարգարյան. «Երբեք չեմ ցատկել կրակի վրայով»

«Երբեք չեմ մտածել` սիրում եմ այս տոնը, թե ոչ, քանի որ այն նրանց համար է, ովքեր պատրաստվում են ընտանիք կազմել, կամ արդեն կազմել են:

Երբեք չեմ ցատկել կրակի վրայով: Ինձ դա ավելի շատ մոգություն է հիշեցնում... Որքանով հիշում եմ` տոնը հեթանոսական ծագում ունի, իբրեւ թե կրակի վրայով ցատկելն այրում է չար ուժերը եւ մաքրում բացասական երեւույթներից: Իսկ այսօր տոնը Աստծո սերն ընդունելու, նրան ընդառաջ գնալու, ավելի հոգեւոր խորհուրդ ունի: Հակասություններ կան, բայց դա չի նշանակում` չեմ ընդունում այս տոնը: Գուցե մի օր, երբ կողքիս կլինի այն միակը, ես էլ նշեմ, բայց այսօր չեմ պատրաստվում ցատկել կրակի վրայով:

Մյուսներին մաղթում եմ, որ հավատան իրենք իրենց, հավատարիմ մնան իրենց սիրուն եւ միմյանց վրայով չցատկեն, թող ցատկեն միայն կրակի վրայով (ծիծաղում է):

Մարինա Մնացականյան. «Երբ փոքր էինք, բակում խարույկ էինք անում եւ երեխաներով ցատկում դրա վրայով»

Կարծում եմ` չկա մի հայ, որը չսիրի այս տոնը, որովհետեւ տոնի արտահայտչամիջոցը շատ հետաքրքիր է` ծանոթ-անծանոթներով, հարազատներով միմյանց ձեռք բռնած կրակի շուրջ պտտվելը, հետո ցատկելը: Այնպես չէ, որ այս տոնին այնպես եմ սպասում, ինչպես օրինակ սպասում եմ Ամանորին, կամ սիրելի մարդու ծննդյան տարեդարձին, բայց լավ եմ վերաբերվում այս տոնակատարությանը:

Երբ փոքր էինք, բակում խարույկ էինք անում եւ երեխաներով ցատկում էինք դրա վրայով: Եվ հետաքրքիրը հենց այն էր, որ մեզ ոչ այնքան հետաքրքրում էր դրա խորհուրդը, կրակի նշանակությունը, այլ հենց թռիչքը:

Շատ կարեւոր տոն այն չեմ համարում, քանի որ ինձ համար այն հատուկ նշանակություն չունի, միգուցե դա կապված է նախապատմության հետ, երբ ասում են, որ դա հեթանոսական տոն է, բայց ամեն դեպքում, եթե հարազատներիցս որեւէ մեկն այսօր նշի, ես էլ կմասնակցեմ, իսկ եթե չլինի խարույկ, դա համենայն դեպս` ոչինչ չի փոխի իմ կյանքում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE