«Միքայելն ավելի է ամրացրել մեր սերը». Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը՝ NEWS.am STYLE-ի վալենտինյան ֆոտոշարքում

13:42   14 փետրվարի, 2019

Այսօր աշխարհի մի շարք երկրներում սեր է թեւածում, քանի որ փետրվարի 14-ը նշվում է՝ իբրեւ բոլոր սիրահարների օր: Տոնը կոչվում է Սուրբ Վալենտինի օր՝ ի պատիվ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի:

Ճիշտ է՝ մեզ համար սիրո բարեխոսը Սուրբ Սարգիսն է, բայց շատ սիրահար զույգեր այսօր նշում են նաեւ Սուրբ Վալենտինի տոնը՝ եւս մեկ սիրո օր նվիրելով միմյանց:

NEWS.am STYLE-ը տարվա ամենասիրառատ օրերից մեկի առթիվ ներկայացնում է սիրառատ եւ ռոմանտիկ ֆոտոշարք հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկի՝ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի եւ նրա ամուսնու՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ:

Ձեզ ենք ներկայացնում նաեւ նկարահանման զավեշտալի բեքսթեյջն ու զույգի սիրո պատմությունն ու ընտանեկան համալրման տեսքով գեղեցիկ շարունակությունը:

Քրիստինան եւ Կարոն հանդիպել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին:

«Որոշ ժամանակ շփվեցինք եւ հասկացանք, որ կողք կողքի աշխարհն ավելի հետաքրքիր է եւ սիրուն»,-ասում է Քրիստինան՝ հավելելով, որ ամուսնու մեջ հատկապես գնահատում է նրա հոգատարությունն ու նրբանկատ լինելը:

Իհարկե, ինչպես բոլոր զույգերի մոտ՝ նրանց դեպքում էլ խանդն առկա է, բայց ինչպես դերասանուհին է ասում՝ «ճիշտ չափաբաժնով, եւ դա էլ իր հետաքրքիր կողմն ունի»:

Նախորդ տարվա երկրորդ կեսին ամուսինների երջանկությունը կրկնապատկեց որդու՝ Միքայելի ծնունդը.

«Միքայելն ավելի է ամրացրել մեր սերն ու ընտանիքը: Հիմա ամեն բան ավելի լիարժեք եւ լուսավոր է: Հիմա օրս սկսվում է Միքայելի ժպիտով»:

Առաջիկա նպատակները  Քրիստինան եւ Կարոն չեն շտապում բարձրաձայնել. «Ամեն բան իր հունով առաջ է շարժվում»,-ասում են նրանք:

Ինչ վերաբերում է այսօրվա անակնկալներին՝ Քրիաստինան նշեց.

«Օրը երկուսիս համար էլ անակնկալներով լի է լինելու: Այդ պատճառով էլ եկեք փակագծերը չբացենք (ժպտում է)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան

Քրիստինայի զգեստները՝ Teress/դիզայներ՝ Թերեզա Ղարաբաղցյան



© NEWS.am STYLE