«Բեմում կլինի տարբեր տարիների Կոմիտասը». Երեւանում կկայանան Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարեր

16:05   15 փետրվարի, 2019

Հայաստանի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբերը Կոմիտասի 150-ամյա հոբելյանական տարվա կապակցությամբ հանդես կգան համերգներով:

Մեծն երգահանին նվիրված համերգաշարերի սկիզբը կտրվի փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի նախաձեռնությամբ:

Այսօր` փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց. «Ի սկզբանե նպատակ ենք ունեցել բեմում ներկայացնել տարբեր տարիների Կոմիտասին: Մեր երգչախմբի ուժերով բեմում կհնչեն խմբերգեր, դաշնամուրային մանրանվագներ, մեներգեր: Այդ համերգների ընթացքում փորձելու ենք տալ Կոմիտասի նկարագիրը:

Մլքեյանը նաեւ հավելեց. «Միշտ պետք է լինենք մինչեւ վերջ չբավարարված, որպեսզի կարողանանք Կոմիտասի հանրահռչակումն անել: Շատ կուզեի, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ ունենք նման կոմպոզիտոր, որն անգնահատելի է»:

Երեւանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ Կոմիտասին նվիրված 7 համերգաշար է նախատեսում. առաջին համերգը կկայանա փետրվարի 27-ին, որի ընթացքում կհնչի կոմպոզիտորից 21 ստեղծագործություն: Թոփիկյանի խոսքով` իրենք նպատակ ունեն կայանալիք համերգների ընթացքում հնչեցնել Կոմիտասից 147 ստեղծագործություն, այդ թվում այնպիսիք, որոնք քիչ հայտնի են հանրությանը:

Համերգը կկայանա փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձություննեիի 2018-2019 թ-երի օրացույցում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE