Իմ պատմությունը. «Այնքան եմ խճճվել, որ ոչ մի կերպ ելք չեմ գտնում»

23:08   17 հունիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը, որի հեղինակը խնդրել է չհրապարակել իր անունը:

«Ես ամուսնացած եմ եղել, դուստր ունեմ: Այնքան ծանր էր միայնակ մայր դառնալ, հատկապես, որ ամուսինս ինձ լքեց այլ կնոջ պատճառով:

Երկար տարիներ տանջվում էի, չէր կարողանում վերագտնել ինձ: Բայց 7 տարի անց հանդիպել եմ մի տղամարդու, ով խենթանում է ինձ համար: Նա նույնպես ամուսնալուծված է, երկու երեխա ունի, իսկ ես սիրում եմ ուրիշ տղամարդու, ով ամուսնացած է: Չնայած իմ սերը փոխադարձ է, բայց փաստը, որ նա թաքցրել է ամուսնացած լինելը, ինձ հանգիստ չի տալիս: Ասում է՝ վստահ էր, որ ես երբեք չեմ ցանկացա քանդել ուրիշի ընտանիքը:

Հիմա ծանր ընտրության առջեւ եմ կանգնած. ամուսնանալ մի տղամարդու հետ, ով ինձ շատ է սիրում՝ չնայած ես նրա հանդեպ միայն համակրանք եմ զգում, թե՞ հանուն իմ սեփական սիրո քանդել մյուսի ընտանիքը: Չնայած իմ սիրելիի ընտանիքում, ինչպես ինքն է հավաստում, սեր չկա, միասին ապրում են միայն հանուն երեխաների:

Ես արդեն 32 տարեկան եմ: Այնքան եմ խճճվել, որ ոչ մի կերպ ելք չեմ գտնում: Շնորհակալություն, որ գոնե արտահայտվելու հնարավորություն ունեցա»:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:



© NEWS.am STYLE