Հաղորդավար Արման Մարգարյանը հորդորում է կանեփ օգտագործողներին թմրամոլ չանվանել

22:26   18 փետրվարի, 2019

Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը, ում անվան շուրջ աղմուկ էր բարձրացել թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունների ֆոնին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է տեղեկություններին։

«Սեր բոլորին» վերնագրված տեսանյութում Արման Մարգարյանը նշել է, որ պետք չէ հանցագործ եւ թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում։

«Ուզում եմ ասել, որ կտրականապես դեմ եմ ու դեմ եմ լինելու այն ձեւակերպմանը, որ այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուանա, թմրամոլ են»,- ասել է Արման Մարգարյանը՝ նշելով, որ  դեմ է ու դեմ է լինելու իրավիճակին, երբ մարիխուանա օգտագործելու կասկածանքով մարդկանց բաժին բերման են ենթարկում հանցագործների պես։

«Ուշքի եկեք, սիրելիներս, ո՞ր դարն է։ Ամբողջ աշխարհը վաղուց արդեն օրինականացրել է մարիխունան, ամբողջ աշխարհն արդեն վաղուց բյուջե է լցնում մարիխունայով, տուրիստական հոսքեր է ապահովում եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիվանդություններ են բուժում։ Ի՞նչ եք խոսում, ի՞նչ թմրադեղ, ինչի՞ մասին է խոսքը։ Սովետական միությունը հանեք գլխներիցդ, խնդրում եմ ձեզ։ Խնդրում եմ մեր օրենսդիրներին, որ անհապաղ գոնե Վրաստանի օրինակին հետեւենք, դեկրիմինալիզացիա անենք։

Պետք չէ հանցագործ եւ թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում։ Հավատացեք, ալկոհոլ օգտագործող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության, իրենք իրենց, իրենց ընտանիքների համար, քան այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխունա, ժպտում են, սիրում են իրար ու միշտ բարի են»,- ասել է հաղորդավարը։

Հիշեցնենք՝ երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ Երեւանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով:

Լուսանկարը՝ Արման Մարգարյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE