Չինացիներին կրկին վիրավորել են. այս անգամ՝ տարածված ապրանքանիշը  

11:07   19 փետրվարի, 2019

Ամենահայտնի ու տարածված ապրանքանիշներից մեկը՝ Zara-ն, վիրավորել է չինացիների զգացմունքները՝ գովազդային արշավում նկարահանելով պեպենոտ դեմքով մոդելի, հայտնում է South Chine Morning Post-ը։

Լուսանկարում չինացի մոդել Լի Ցզինվենը պատկերված է եվրոպական արտաքինով աղջկա հետ. նրանք ցուցադրում են մուգ կարմիր գույնի շրթներկը։ Չինական Weibo սոցիալական ցանցի օգտատերերին դուր չի եկել այն, որ Լի Ցզինվենի դեմքը լուսանկարում մշակված չէ. նրանք կարծել են, որ Zara-ն ծաղրի է ենթարկում չինացիներին՝ ցուցադրելով նրանց թերությունները։ «Նախքան արտադրանքը չինական շուկայում ներկայացնելը սովորեք հարգել նրանց ճաշակը։ Չեմ հասկանում՝ ինչու է Zara-ն պեպենններով ծածկված դեմք ընտրել»,- գրել է օգտատերերից մեկը։

Zara-ի ներկայացուցիչը, սակայն, հանդես է եկել ի պաշտպանություն գովազդային արշավի։ «Իսպանացիները գեղեցկության բոլորովին այլ չափանիշներ ունեն, եւ նրանք այդ մոդելին սարսափելի չեն անվանի։ Նրանք սովորաբար ռետուշ չեն անում լուսանկարները, եւ դա իրական դեմք է»,- հայտարարել է նա։

Չինական լրատվամիջոցները միջադեպը համեմատում են նոյեմբերին բարձրացած սկանդալի հետ, որը բարձրացել էր իտալական նորաձեւության տան՝ Dolce & Gabbana-ի շուրջ։ Նորաձեւության շաբթի նախօրեեին ապրանքանիշը հոլովակ էր թողարկել, որում չինացի կինն անհաջող փորձում էր իտալական ճաշատեսակներ ուտել չինական փայտիկներով, իսկ հոլովակում լսվող ձայնը մեկնաբանում էր դա։

 



© NEWS.am STYLE