Հարսանիք չի լինի. Լեդի Գագան չեղարկել է նշանադրությունը

15:03   20 փետրվարի, 2019

32-ամյա հայտնի երգչուհի Լեդի Գագան հաստատել է, որ չեղարկել է նշանադրությունը 49-ամյա Կրիստիան Կարինոյի հետ։ Բաժանության մասին տեղեկությունները պտտվում էին բավական վաղուց. աստղը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը հայտնվել էր առանց նշանադրության մատանու։ Մրցանակը ստանալու համար բեմ բարձրանալուց հետո նա իր ելույթում եւս չէր հիշատակել սիրելիի մասին։

Իսկ Սուրբ Վալենտինի օրը Գագայն Intsagarm-ում ոչ թե ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ, այլ տեղադրել էր իր նոր դաջվածքի լուսանկարը։ Ինչպես հայտնում է People-ը, երգչուհին հաստատել է բաժանության մասին տեղեկությունը։

Աղբյուրների հաղորդմամբ՝ զույգի հարաբերությունները պարզապես չեն ստացվել։ Ինչպես հայտնել է աղբյուրը, «երբեմն հարաբերություններն ավարտվում են առանց որեւէ դրամատիկ պատմության»։

Լեդի Գագայի եւ նրա գործակալ Կրիստիան Կարինոյի սիրավեպը սկսվել է 2017թ.-ի փետրվարից։ Մի քանի ամիս անց Կարինոն նրան առաջարկություն է արել, ինչին Գագան համաձայնել էր։ Վերջին անգամ զույգը միասին հանրությանը ներկայացել է անցած հունվարին. նրանք մասնակցել էին SAG Awards մրցանակաբաշխությանը, եւ թվում էր՝ ոչինչ չի հուշում բաժանության մասին։

Ակնհայտ է, որ «Օսկար» մրցանակաբաշխությանը եւս, որը տեղի կունենա փետրվարի 24-ին, Լեդի Գագան միայնակ կմասնակցի։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE