«Կայսրություն» սերիալի աստղին ազատազրկում է սպառնում… իր նկատմամբ հարձակման համար

20:06   21 փետրվարի, 2019

Չիկագոյի ոստիկանությունը «Կայսրություն» սերիալի դերասան Ջուսի Սմոլեթին մեղադրանք է առաջադրել սուտ ցուցմունք տալու եւ իր նկատմամբ մահափորձը բեմականացնելու համար, հայտնում է Reuters-ը։

Բոլորովին վերջերս Ջուսին հանդես էր եկել հայտարարությամբ, որ գիշերը իր վրա են հարձակվել երկու անծանոթ անձիք, իր վրա սպիտակեցնող նյութ են լցրել, իրանին պարան գցել եւ փախել՝ ռասիստական եւ հոմոֆոբ արտահայտություններ անելով (Սմոլեթը համասեռամոլ է)։

Ավելի ուշ, երբ կասկածյալները ձերբակալվել են, ոստիկանությունը կասկածներ է ունեցել, որ դերասանն անձամբ է բեմականացրել հարձակումը՝ իր վրա հարձակվողներին գումար վճարելով։

Այդ կերպ նա ամենայն հավանականությամբ ցանկացել է ուշադրություն գրավել ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների խնդիրների նկատմամբ։ Հանցագործներին արագ հայտնաբերել են, եւ նրանք խոստովանել են՝ դերասանն իրենց գումար է վճարել։

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ հասնելու են Սմոլեթի ազատազրկմանը։ Ջուսիին սպառնում է 1-3 տարվա ազատազրկում։



© NEWS.am STYLE